Խստաբարո դերեր եմ տանում, բայց էությամբ ռոմանտիկ եմ. Գարիկ Չեպչյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի արտիստ, «Խաչմերուկ», «Ուր էիր, մարդ Աստծո», «Փեսացուն կրկեսից», ամերիկյան «Here» գեղարվեստական ֆիլմերից եւ մի շարք հեռուստասերիալներից հայտնի դերասան Գարիկ Չեպչյանը (Գարեգին Չեպչյան) «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ մայր թատրոնում բեմադրվում է «Պեպո»` բոլորովին նոր, թարմ մոտեցումներով, եւ ստեղծագործական կազմը բավական ոգեւորված է: Նա մեզ հետ զրույցում նշեց այն թեմաները, որոնք կցանկանար արծարծված տեսնել թատրոնում, անդրադարձավ ավագ եւ երիտասարդ սերնդի երկխոսությանը:

13650419_1088639677883764_1147665776_n

-Պարո՛ն Չեպչյան, գիտենք, որ այս պահին սերիալում զբաղվածություն ունեք, իսկ գեղարվեստական ֆիլմերից առաջարկներ կա՞ն:

-Չէ, նման հրավերներ չունեմ, իսկ ես էությամբ այնպիսի մարդ եմ, որ ինքս չեմ «դասավորում» այդպիսի գործեր. կհրավիրեն, կհրավիրեն, ոչ, ուրեմն ոչ: Ճիշտ է` հաճախ տուժում եմ իմ բնավորության այդ գծի պատճառով, բայց ինչ արած: Ես իմ մասնագիտությունը ճարպկությունից բարձր եմ գնահատում: Իհարկե, ստանում եմ նաեւ առաջարկներ, որոնք մերժում եմ, քանի որ ինչ-ինչ պայմաններ չեն բավարարում:

-Շատ է խոսվում այն մասին, որ մայր թատրոնին պակասում է թարմ շունչը: Դուք` որպես ավագ սերնդի ներկայացուցիչ, ինչպե՞ս եք տեսնում այդ խնդրի լուծումը:

-Գիտեք` նման կարծիք արտահայտողների որոշ մասին հարցնում ես` ինչ նկատի ունի՝ թարմ շունչ ասելով, հասկանում ես, որ ինքն էլ չի պատկերացնում` խոսքն ինչի մասին է: Եթե ուզում են տեսնել նոր, հետաքրքիր համարներ, տրյուկներ ու էֆեկտներ, ասեմ, որ դրա համար գոյություն ունի կրկես, եւ բացի այդ` դա դեռ չի նշանակում թարմ շունչ ապահովել: Թարմ շունչն այն է, որ հանդիսատեսն էլ չի գիտակցում, թե ինչպես ներկայացման առաջին 20 րոպեից հետո ընկղմվեց այն հեքիաթի մեջ, որն իրեն մատուցում են: Սրա համար հատուկ տրյուկներ չկան. դա համալիր աշխատանքի արդյունք է: Հիմա թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը «Պեպո» է բեմադրում` բոլորովին նոր մոտեցումներով: Հիմքը պահպանելով` լրիվ ուրիշ, հետաքրքիր բան է մատուցվելու հանդիսատեսին: Միայն տեսնեք` ներկայացման շուրջ հավաքված կազմն ինչ եռանդով է աշխատում եւ ինչ ոգեւորությամբ է սպասում պրեմիերային:

-Պարո՛ն Չեպչյան, հանդիսատեսն ու հեռուստադիտողն արդեն սովոր է, որ Ձեզ պետք է տեսնի խիստ, չար, «սեւ» դերերում: Դուք էլ, կարծես թե, համակերպվել եք այդ մտքի հետ, այո՞:

-Գիտեք` ճիշտ է` ես խստաբարո դերեր եմ տանում, բայց էությամբ ռոմանտիկ եմ: Այնքան շատ է պատահել, որ 30, 40, 50, 60 տարեկան կանայք փողոցում տեսել են ինձ, բարեւել, շփվել են հետս, ու գրեթե բոլորը նույն բանն են ասել. «Վայ, ի՜նչ լավ է, որ կյանքում այնպիսին չեք, ինչպիսին, օրինակ` ֆիլմերում»: Անգամ ասել են. «Մենք էլ մտածում էինք` տեսնես այս մարդու կինը ոնց է իրեն հանդուրժում» (ծիծաղում է):

13644341_1088639604550438_2060965089_n

-Կա՞ մի թեմա, որ կցանկանաք` դա արծարծվի թատրոնում, դրան հատուկ անդրադարձ կատարվի:

-Ես շատ կցանկանայի տեսնել անդրադարձներ մեր պատմական թեմաներին, կլինի դա թատրոնում, թե կինոյում: Հասկանում եմ, որ պատմական ֆիլմեր արտադրելը մեծ ծախսերի հետ է կապված, բայց դա կլիներ ճիշտ ռազմավարություն եւ քաղաքականություն: Դպրոցականները պետք է տեսնեն մեր ազգի հերոսներին եւ զգան դարաշրջանը, ուզենան նմանվել նրանց: Տեսեք` ամերիկյան ֆիլմարտադրության մեջ սուպերմեններն ու բեթմենները ինչ հաջողությունների են հասել. փոքրերը ոնց են ուզում նմանվել նրանց: Բայց չէ՞ որ մենք ունենք շատ լուրջ հերոսներ… Երբ, օրինակ, իմացա, որ նկարահանվում է «Գարեգին Նժդեհ» ֆիլմը (մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե որքանով էր այն հաջողված) ես ուրախացա, որ մեր հերոսին է անդրադարձ կատարվում: Նույն կերպ ինձ ոգեւորեց «Սահմանին» սերիալը: Հիմա դրա հերոսները, որոնք ծառայում են ազգին, շատ երիտասարդների համար օրինակ են:

-Գիտենք, որ երիտասարդ սերնդի դերասանների մասին բավական լավ եք արտահայտվում, իսկ ի՞նչ եք կարծում՝ նրանց եւ ավագ սերնդի ներկայացուցիչների միջեւ երկխոսությունը այսօր ստացվո՞ւմ է:

-Այո, երիտասարդներից ես շատ գոհ եմ, տեսնում եմ թատրոն սիրող, շնորհալի տղաների եւ աղջիկների, որոնք լավ խաղընկեր են մեզ: Ժամանակները փոխվել են, եւ այսօր նկատելի է, թե մեր երիտասարդները որքան արագ են մտածում, գործում եւ որքան ազատ են… Վստահ եմ, որ տարիներ անց նրանցից շատերի անունը դեռ երկար կլսեք…

Աննա Բաբաջանյան




Լրահոս