ԿԱՆ ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ ԴՐՈՒՅԹՆԵՐ, ՈՐՈՆՔ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՉԵՆ ԳՈՐԾԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի շուրջ «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան
-Տիկի՛ն Փոստանջյան, ՀՕՊ համաձայնագրից ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք. այն Հայաստանի շահերից կբխի՞:
-Չեմ կարծում, որ այս համաձայնագրով մենք պետք է դրական ակնկալիքներ ունենանք Ռուսաստանի Դաշնությունից, որովհետեւ մենք ՌԴ-ի հետ ունենք բազմաթիվ փաստաթղթեր, համաձայն որոնց պետք է մեզ տրամադրվեր համապատասխան պաշտպանական միջոցներ եւ օգնություն, եւ նաեւ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, բայց չորսօրյա պատերազմը փաստեց այլ իրողություն: Այսինքն՝ մենք, ըստ էության, մեր ռազմավարական դաշնակցից չստացանք որեւիցե աջակցություն, բայց դրա տեղը մեր ռազմավարական դաշնակիցը իրեն գործընկեր է ընտրել Ադրբեջանին, որին գնահատում է որպես իրեն շատ կարեւոր ռազմավարական դաշնակից եւ ընկեր եւ նրան մատակարարում մարդկության դեմ ուղղված սպառազինություններ` սոլնցեպյոկներ ու սմերչեր, որոնք օգտագործվեցին հայ ժողովրդի դեմ: Այստեղ խոսել, որ մենք կարող ենք օգտվել այսպիսի համաձայնագրից, ոչ միայն միամտություն է, այլեւ այս ամենի շարունակությունը պարզապես դավաճանություն է գնահատվում:
-Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ ընդդիմադիր դաշտի գործիչները լավ չեն ուսումնասիրել համաձայնագիրը, այդ իսկ պատճառով բացասական գնահատականներ են հնչեցնում:
-Իհարկե, մենք շատ լավ ուսումնասիրել ենք, պետք չէ լինել փորձագետ կամ այլ բազմակողմանի գիտելիքների տեր անձնավորություն, որպեսզի հասկանանք, որ կան վիճահարույց դրույթներ, եւ այդ վիճահարույց դրույթները ի նպաստ հայ ժողովրդի եւ հայոց պետականության չեն գործելու:
-Ձեր կարծիքով համաձայնագրի վավերացումից հետո, եթե Ադրբեջանը հարձակվի, Հայաստանին հնարավորություն կընձեռվի անմիջապես արձագանքել, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ նախահարձակ գործողություններ կատարել` չսպասելով Ռուսաստանի հրամանատարությանը:
-Եթե նայում ենք այն հանրահայտ տեսանյութը, տեսնում ենք, որ փաստորեն անկախ Ռուսաստանին սպասելուց, մեր զինված ուժերը, հրամանատարությունը թույլ չի տալիս մեր զինվորներին պաշտպանվել: Այդ տեսանյութից երեւում է, որ նրանք հարձակվում են, իսկ մեզ հրաման չի արձակվում պաշտպանվելու, եւ այդ հրամանի ուշացման եւ այդ ժամանակ սպասելու պատճառով ենք մենք ունեցել մեր առաջին զոհերը: Պետք է վերադառնամ նաեւ Ժիրայր Սէֆիլյանի վերջին կալանավորմանը, երբ նա հայտարարեց, որ պատրաստ է ազատագրել մեր հայրենիքը, նրան կալանավորեցին: Փաստորեն մեր հայտարարությունները՝ մեր հայրենիքի ազատագրման մասին, ենթարկվում են կալանավորման, դադարեցման եւ այդ դադարեցումն ու կալանավորումը գալիս է առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունից եւ այստեղի նրա ենթակա պաշտոնյաներից: Մենք պետք է վերանայենք մեր ռազմական հայեցակարգը: Այսօրվա աշխարհագրական պայմանները եւ աշխարհաքաղաքական իրադարձությունները մեզ պարտադրում են դրա վերանայումը: Պետք է հաշվի առնենք նաեւ ՌԴ-ում տեղի ունեցող դեմոգրադիական վերափոխումները, որովհետեւ ՌԴ-ի զինված ուժերը այլեւս միայն սլավոնական զինված ուժեր չեն, եւ ռուսական տարրը այդ զինված ուժերում պակասում է եւ համալրվում թուրքական տարրով. սա պետք է դիտենք մեզ համար ազգային անվտանգության սպառնալիք:

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյան
-Տիկի՛ն Նաղդալյան, ՀՕՊ համաձայնագիրը պետք է վավերացվեր սեպտեմբերին, սակայն այն արտահերթ նստաշրջանում սկսեց քննարկվել: Ինչո՞ւ, գուցե՞ ռուսական կողմը պահանջեց համաձայնագրի վավերացումն արագացնել:
-Ընդհանրապես մեր առօրյայում շատ հաճախ է լինում, երբ ամենապարզ բաները կանխամտածված թե պատահաբար օգտագործվում են լրիվ այլ մեկնաբանությամբ: Կարծում եմ՝ բոլորիս պարզ է, որ խորհրդարանը գնում է շուրջ երկուսուկես ամսվա արձակուրդի, եւ դա արդեն նշանակում է, որ որոշ խնդիրների քննարկման ընթացքում մենք պետք է փոքր-ինչ ավելի մոբիլություն ցուցաբերենք. սրանով է պայմանավորված:
-Ընդդիմադիր դաշտի շատ գործիչներ շարունակում են պնդել, թե համաձայնագիրը չի բխում Հայաստանի շահերից: Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է:
-Կարծում եմ, որ քննարկումը, որը տեղի ունեցավ, բավականին լայն էր, իսկ մինչ այդ արդեն մեկ ամիս է՝ պայմանագիրը խորհրդարանում էր, եւ անընդհատ խոսվում էր, քննարկվում էր, դրա մասին բավականին շատ տեղեկատվություն կա, հետո եղավ պաշտպանության նախարարության տեղեկանքը, որտեղ պարզորեն ասվեց, եւ այս երկու օրվա քննարկումը նույնպես ցույց տվեց, մանրամասնորեն ներկայացվեց, որ սա Հայաստանի համար մեր օդային պաշտպանվածությունը, մեր ընդհանուր անվտանգությունը էլ ավելի բարձրացնելու, եւս մեկ աստիճան ավելացնելու, նաեւ ռուսական զինված ուժերի հսկայական ռեսուրսից օգտվելու հնարավորություն է: Եւ բնավ չի կարող լինել այնպիսի պայմանագիր, որը կստորագրեն մեր պետության ղեկավարները, գերագույն գլխավոր հրամանատարը կամ պաշտպանության նախարարը, որը կթուլացնի կամ կպակասեցնի մեր երկրի անվտանգությունը կամ պաշտպանվածությունը:
-Տիկի՛ն Նաղդալյան, եթե Ադրբեջանի կողմից հարձակում լինի, եւ ռուսական կողմը հապաղի, արդյո՞ք այդ դեպքում խնդիր չի առաջանա, քանի որ հրամանը փաստորեն տրվելու է ռուսական կողմից:
-Պայմանագրի մեջ հստակորեն գրված է. 6-րդ հոդվածը ասում է, որ հավաքական անվտանգության առանձին շրջանի, այսինքն՝ ՀՀ տարածքի կամ ՀՀ տարածքի որեւէ մասի վերաբերյալ հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի կամ ուժերի համատեղ գործողությունների կառավարումը իրականացնում է ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը: Այսինքն՝ մենք նախ՝ պահպանում ենք մեր ինքնուրույնությունը, երկրորդը՝ մենք ենք հրամանատարը, կառավարողը:

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

 
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՍԹԱՓՎԵ՞Լ Է
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, Երեւան քաղաքի բնակիչ 30-ամյա Վաղինակ Բախշյանը վաղը, ամենայն հավանականությամբ, դատարանի որոշմամբ վաղաժամկետ ազատ կարձակվի: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատապարտյալ Վաղինակ Բախշյանը հայտնեց, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովը եւ ՔԿՀ ղեկավարությունը իր մասին դրական բնութագիր են տվել. «Մնում է դատարանի խղճին»:
Նշենք, որ Վաղինակ Բախշյանը ազատազրկման է դատապարտվել 2014 թվականի մարտի 7-ին, 5 տարի ժամկետով` խարդախության եւ փաստաթղթեր կեղծելու մասով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Վաղինակ Բախշյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իր ազատազրկման ընթացքում անկախ հանձնաժողովին երբեք չի դիմել. «Երեք ամիսը մեկ դատապարտյալները կարող են դիմել անկախ հանձնաժողովին, բայց ես 2 տարի լինելով ազատազրկման մեջ՝ չեմ դիմել: Երբ ՔԿՀ պետը փոխվեց, մայիս ամսին որոշեցի դիմել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովին: Թույլ տվեք ասել, որ նորանշանակ պետը բավականին լուրջ է մոտենում դատապարտյալների փաստաթղթերին, եւ վստահ եմ, որ բավականին լուրջ ուսումնասիրել է իմ գործը, որ ունեմ անչափահաս երեխա, որեւէ բողոք կամ տույժ-տուգանք չունեմ, եւ դրական եզրակացություն է տվել: Նոր պետի համար նշանակություն չունի՝ գեներալի տղա ես, թե ոչ, նա արժանի գնահատում է: Դրանից հետո ինձ լսեց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի անդամ, արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանը, որից հետո երեկ ստացա պատասխան, որտեղ անկախ հանձնաժողովն էլ դրական բնութագիր էր տվել ինձ: Ցանկանում եմ ասել, որ որեւէ միջնորդություն ինձ համար, ոչ մի զանգ չի եղել, կամ որեւէ մեկին չեմ փորձել կաշառել, ուղղակի մարդիկ տեսան, որ իսկապես որեւէ սխալ բան թույլ չեմ տվել, եւ դրական եզրակացություն տվեցին իմ մասին»:
Նշենք, որ Վաղինակ Բախշյանի ազատազրկման ավարտին մնացել էր մեկ տարի, մեկ ամիս. «Ոնց տեսնում եմ՝ 2016 թվականի միակ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվող անձը ես եմ լինելու: Գիտեք՝ այսպիսի մոտեցում կա, եթե ՔԿՀ ղեկավարությունը դրական բնութագիր է տալիս, դա արդեն, կարելի է ասել, դատապարտյալին ազատման մեծ երաշխիք է»:
Հավելենք, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի գործունեության նպատակը դատապարտյալներին օգնելն է ուղղվել, եւ եթե վերջինս իրեն ՔԿՀ-ում դրսեւորել է պատշաճ ձեւով, խախտում չի արել, ասել է, թե բռնել է «ուղղվելու ճանապահը», ապա անկախ հանձնաժողովը նրան սահմանված պատժի կրումից վաղաժամկետ կարող է ազատ արձակել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆԸ ԴԵՄ ԵՆ
«Ընդդեմ մարդկանց համարակալման» շարժումը կրկին պատրաստվում է լայնածավալ հակաքարոզի ընդդեմ առաջիկա ընտրություններում միասնական փաստաթղթով, ID քարտերով ընտրությունների անցկացման: Նրանք նամակով դիմել են ԱԺ պատգամավորներին` զգուշացնելով. «Նույնականացման քարտերի ստիպողաբար ներդրումը, ինչպես նաեւ մատնահետքերի հանձնելու պարտադրանքը, Հայաստանի Սահմանադրության խախտում է, քանի որ այն ոտնահարում է անմեղության կանխավարկածը եւ վիրավորական է բազմաթիվ իմաստներով, ինչպես նաեւ դաժան վերաբերմունք է: Մենք նաեւ պնդում ենք, որ կան բազմաթիվ մեթոդներ կեղծելու ընտրությունները, որոնց դեպքում մատնահետքերը օգնել սկզբունքորեն չեն կարող»: Այս կապակցությամբ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն Aravot.am-ին ասել է. «Այդ խնդիրն ID քարտերով եկեք չպայմանավորենք, իրենք դեռ վաղուց են տանում այդ գործընթացը եւ որ մի քանի հազար ստորագրություն են բերում, ասում են` մարդիկ դեմ են, դա խնդիր է, որի լուծումը գտնենք»:

 

 

ԿԱԼԱՆՔԻՑ  ԱԶԱՏՎԵԼ Է
Առողջական լուրջ խնդիրների պատճառով նախօրեին փոխվել է ՀՀ ՊՆ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի՝ խափանման միջոց կալանավորումը: Հիշեցնենք, որ Չիլինգարյանը ձերբակալվել էր մայիսի 30-ին, իսկ հունիսի 2-ին արդեն կալանավորվել էր: Սակայն դրանից մեկ օր անց Չիլինգարյանը առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել էր Երեւանի կայազորային հիվանդանոց:




Լրահոս