Հուլիս 10-ին մեկնարկել է մայրաքաղաքի ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկը՝ «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնը: Մինչև հուլիսի 17-ը հայ ֆիլմասերներն ու կինոգործիչները ունեն միջազգային կինեմատոգրաֆիայի գլուխգործոցները վայելելու բացառիկ հնարավորություն:
Փառատոնի մեկնարկն ազդարարվեց մամլո ասուլիսներով, որոնց ընթացքում իրենց ֆիլմերը ներկայացրին «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթի մասնակիցներ Գարեգին Պապոյանը («Սխտորաշեն»), Լուսինե Պապոյանը («Ռադիոլա») և Էվելինա Բարսեղյանը («Բրավիստը»): Մամլո ասուլիսին հաջորդեց «Ոսկե ծիրան»-ի ոչ պաշտոնական մեկնարկը խորհրդանշող ծիրանօրհնեքի ավանդական արարողությունը, որն այս տարի կազմակերպվել էր Սուրբ Զորավոր եկեղեցում:
Շառլ Ազնավուրի հրապարակում, անվանի այլ հայ կինոգործիչների անունը կրող աստղերի կողքին, բացվեցին կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի, կինոռեժիսորներ Էդմոնդ Քեոսայանի և Դմիտրի Կեսայանցի հիշատակը հավերժացնող աստղերը: Արարողությունն ուղեկցվեց ՀՀ ոստիկանության փողային նվագախումբ կատարումներով:
Կինոփառատոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում: Մինչ մեկնարկն անվանի հյուրերը, մրցութային և ոչ մրցութային ծրագրերի մասնակիցներն անցան Շ. Ազնավուրի հրապարակում տեղադրված կարմիր գորգով:
Ողջույնի խոսքով հանդես եկան «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, արդեն տասը տարի փառատոնի գլխավոր գործընկեր ընկերության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Այնուհետ ներկայացվեցին մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը և ժյուրիի կազմը:
Բացման արարողության ընթացքում հայտարարվեց, որ Եվրոպական կինոակադեմիան Սերգեյ Փարաջանովի թանգարանը ճանաչել է «Եվրոպական կինոմշակույթի գանձ»: Եվրոպական կինոակադեմիայի որոշմամբ ստեղծվել է «Եվրոպական կինոմշակույթի գանձերի» ցուցակ՝ ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի օրինակով, որտեղ ընդգրկվելու են պատմական կինեմատոգրաֆիկ արժեք ունեցող վայրեր:
Փառատոնի մեկնարկին նվիրված հանդիսությանը հաջորդեց 13-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմի՝ Համո Բեկնազարյանի «Զարե»-ի ցուցադրությունը` Վահագն Հայրապետյանի և նրա ջազ-բենդի՝ հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության կենդանի նվագակցությամբ:
Լրատվամիջոցներին տրված հարցազրույցում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է. ««Ոսկե ծիրան»-ը նպաստում է հայկական կինեմատոգրաֆի զարգացմանը՝ որպես համաշխարհային կինեմատոգրաֆի ճյուղի, որն ունի իր ազգային առանձնահատկություններն ու ավանդույթները: Հայաստանի մշակութային կյանքի նշանակալի իրադարձություն դարձած փառատոնը յուրօրինակ խաչմերուկ է, որտեղ հայ կինոգործիչներն ու ոլորտի սկսնակները, ինչպես նաև ֆիլմասեր հասարակությունը հանդիպում են աշխարհահռչակ տաղանդավոր կինոգործիչների և կինոքննադատների, որոնք ժամանում են Հայաստան՝ ներկայացնելու իրենց արվեստը և օգնելու առավել հարուստ ու բազմազան դարձնել հայկական կինեմատոգրաֆը»:
ՎիվաՍել-ՄՏՍ…Դու գիտես, որ կարող ես: