Գալուստ Սահակյանն ընդունել է «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 11-ին «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ հյուրընկալվեցին ՀՀ Ազգային ժողովում: Նրանց ընդունեց Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
Ողջունելով մասնակիցներին՝ ԱԺ նախագահը կարևորեց նմանատիպ ծրագրերի իրականացումը: Գալուստ Սահակյանը համոզմունք հայտնեց, որ դրանք կլինեն շարունակական: Նա մասնավորապես նշեց. «2012թ., երբ մեկնարկեց ծրագիրը, մտավախություն կար՝ կստացվի՞ կյանքի կոչել այն:

Անցնող տարիները ցույց տվեցին, որ «Սփյուռք» ամառային դպրոցը ոչ միայն կայացավ, այլև տարեցտարի ավելի է ընդլայնվում, կատարելագործվում՝ նախարարության և հատկապես նախարար Հրանուշ Հակոբյանի ջանքերի շնորհիվ: Ես ծանոթացել եմ այս տարվա ծրագրին, այն խորությամբ մշակված, հիմնավոր ծրագիր է, որի շնորհիվ դուք ծանոթանում եք մեր ազգային արժեքներին, վերապատրաստվում և որպես մասնագետներ վերադառնալով ձեր բնակության երկրներ՝ կարող եք հայերենն ու հայ մշակույթը փոխանցել մատաղ սերնդին, ձեր հասակակիցներին»:

Ներկաներին ողջունեց նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա ասաց, որ արդեն ավանդույթ է դարձել ՀՀ Ազգային ժողովում դպրոցի մասնակիցների հյուրընկալությունը: Դիմելով ԱԺ նախագահին՝ նախարարն ասաց. «Հարգարժա՛ն պարոն Սահակյան, շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար: Դուք Ձեր բազմազբաղ առօրյայում ժամանակ եք գտնում և հանդիպում մեր ծրագրերի մասնակիցների հետ, պատասխանում եք նրանց հուզող հարցերին: Դուք մեծ ուշադրություն եք դարձնում մեր լեզվի երկու ճյուղերին էլ: Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ հատկապես վերջին տարիներին ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հետ համատեղ մեծ ուշադրություն ենք դարձնում արևմտահայերենի պահպանման և զարգացման խնդիրներին: ՀՀ սփյուռքի նախարարությունը ամեն բան անում է այդ և մյուս առաջնահերթ հարցերին լուծումներ տալու ուղղությամբ»:
ՀՀ ԱԺ նախագահը և ՀՀ սփյուռքի նախարարը պատասխանեցին մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին հայրենադարձության և հայապահպանության խնդիրներին, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, կրթական և մշակութային ոլորտներում իրականացվող ծրագրերին:




Լրահոս