ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Սերժ Սարգսյանի նախկին օգնական Լեւոն Մարտիրոսյանը, երեկ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հնարավոր փոխզիջումներին, ասել է. «Թե ինչպիսի փոխզիջում կլինի արդյունքում, դա բանակցությունների ավարտին կերեւա: Բայց որ ինչ-որ մի բան պիտի մենք զիջենք, ու ինչ-որ մի բան պիտի զիջի հակառակորդը, երկու կարծիք լինել չի կարող, հակառակ դեպքում այս իրավիճակը շարունակվելու է»: Դեռեւս անցած աշնանը «հողերը հանձնելու» պատրաստակամութուն հայտնած Աժ պատգամավորը հարկ է համարել հստակեցնել, որ «փոխզիջումն ամենավերջին պլանում է լինելու, այն տեղի է ունենալու միայն բանակցությունների ավարտից, խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո: Իսկ թե որքան է մոտ այդ համաձայնագրի ստորագրումը, ես չէ, որ պիտի ասեմ»:
Մի կողմ թողնելով պատգամավորի հարցահարույց տրամաբանական շղթան՝ համաձայնագրի ստորագրումից հետո փոխզիջումների իրականացման մասին, ինչն, իհարկե, տարակուսելի է, քանի որ հենց փոխզիջումների գնալու արդյունքում եւ դրանց հիման վրա է միայն հնարավոր դառնալու այդ համաձայնագրի ստորագրումը, նկատենք, որ Սերժ Սարգսյանը ընդամենը ապրիլին արդեն իսկ հայտարարել է, որ Հայաստանը դեռեւս հինգ տարի առաջ՝ 2011թ. հունիսին, Կազանում պատրաստ էր ստորագրել մի փաստաթուղթ, որով հայկական կողմը հանձնելու էր մի քանի ազատագրված շրջաններ, իսկ ավելի ստույգ՝ նախնական փուլում՝ հինգը: Եվ հիմա, երբ սույն պատգամավորը խոսում է համաձայնագրից հետո միայն արվելիք փոխզիջման մասին, նրա ասածը ոչ միայն անհեթեթ է թվում անտրամաբանական լինելու, այլեւ արդեն իսկ նրա ղեկավարի արած բացահայտման պատճառով: Հետեւաբար այսօրինակ հայտարարություններով ընդամենը խնդիր է դրված հանրությանը նախապատրաստելու փոխզիջումների անխուսափելիության մտքին՝ հանգստացնելով, թե դրանք լինելու են միայն կայուն խաղաղության եւ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց, այնինչ Սերժ Սարգսյանի՝ «Բլումբերգին» տված հարցազրույցից հետո հանրությունն արդեն գիտի, որ Սերժ Սարգսյանը պատրաստ էր ստորագրել ազատագրված տարածքների հանձնման փաստաթղթի տակ՝ առանց Ղարաբաղի անկախության ճանաչման հստակ եւ ընդունելի երաշխիքի (Այդ հարցով կամարտահայտության եւ ժամկետները եւ այլ դետալներ մշտապես, այդ թվում եւ 2011-ին, խիստ անորոշ են եղել, եւ վտանգավոր):
Եվ ուրեմն՝ ի տարբերություն իր տաղանդավոր եղբոր՝ անհաջող ու անհամ կատակներ անելուց եւ մարդկանց ուղեղները լվանալուց առաջ հարկ է հետեւել սեփական շեֆի հրապարակային հայտարարություններին եւ հերթական անգամ չհայտնվել անհարմար վիճակում: Իսկ, առհասարակ, այն, որ Լեւոն Մարտիրոսյանը եւ նմանատիպ օսլայած երիտգործիչները սկսել են խոսել ազատագրված տարածքների վերադարձի մասին, ցույց է տալիս, որ իրավիճակը չափազանց լուրջ է: