ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն յոթերորդ տարին անընդմեջ իրականացնում է ուսման վարձավճարների հատուցման աջակցության ծրագիր: Այն օժանդակում է հատուկ կարիքներ ունեցող, ծնողազուրկ կամ սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդների՝ հատուցելով նրանց ուսման վարձը՝ պայմանով, որ նրանք հաջողությամբ ավարտեն ակադեմիական տարին ու փոխադրվեն հաջորդ կուրս:
Իրականացված ներդրման արդյունքում բարձրագույն կրթությունը հասանելի է դարձել ծրագրում ընդգրկված շուրջ 750 ուսանողի: Յոթ տարվա ընթացքում այդ նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից արդեն իսկ հատկացվել է 705.9 միլիոն դրամ:
Ծրագիրն ապացուցել է իր արդյունավետությունը՝ մասնագիտական կրթություն ապահովելու, ինչպես նաև հոգեբանական ու սոցիալական աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի կայացած հանդիսավոր արարողության ընթացքում՝ ամփոփվել են վարձավճարների հատուցման ծրագրի յոթնամյա արդյունքները և այս տարվա շրջանավարտներին են հանձնվել ծրագրից օգտվելու ավարտական վկայականներ:
«Սովորելու ձգտում ունենալն ու այդ հնարավորությունից զրկված լինելը կյանքի ամենամեծ անարդարություններից է: Չի կարող ուժեղ լինել այն հասարակությունը, որի անդամների մի մասը զրկված է բարձրագույն կրթություն ստանալու իրավունքն իրացնելու հնարավորությունից: Բուհական կրթություն ստանալու ցանկություն ունեցող բոլոր երիտասարդներին պետք է հնարավորություն ընձեռնվի սովորել և հասնել մրցակցային առավելության թե՛ աշխատաշուկայում, և թե՛ հասարակական կյանքում: Ուսման վարձավճարների հատուցման աջակցության ծրագրի նպատակը սոցիալական անարդարության հաղթահարումն է՝ մասնագիտական կրթություն ստանալու ճանապարհով: Կրթությունը պետք է հավասարապես հասանելի լինի բոլորին», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հաշվի առնելով, որ ուսման վարձավճարների հատուցման աջակցության ծրագրից ուսումնառության ընթացքում շարունակաբար օգտվելու հիմնական պայմաններից մեկն ուսման առաջադիմությունն է, համապատասխան վկայականի տրամադրումը հավաստում է կրթաթոշակի ծրագրում ընդգրկվածի՝ սովորելու և մասնագիտական գիտելիքների ձեռքբերման ձգտումը, հաստատակամությունն ու հետևողականությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ. դու գիտես, որ կարող ես: