ԴԵՄ ԵՆ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՆԱԽԱԳԾԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին փաստաբանները դիմել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ դժգոհելով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից մշակված օրենքի նախագծից: Ըստ այդ նախագծի՝ փաստաբանների վրա դրվում է հավելյալ տուրքի վճարման պարտավորություն: Նույն օրենքի նախագիծը պաշտպանին կարծիքի ներկայացման նպատակով ուղարկվել էր նաեւ արդարադատության նախարարության կողմից:
Երեկ ՄԻՊ աշխատակազմն այս առիթով հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է. «Ուսումնասիրելով օրենքի նախագիծը՝ պաշտպանը պարզեց, որ առաջին հերթին խնդրահարույց է այն, որ արդարադատության նախարարությունը միջամտում է փաստաբանների անկախ գործունեությանը՝ իր վրա վերցնելով փաստաբանների գրանցամատյանի վարման գործառույթը, ինչի համար նաեւ գանձում է հավելյալ տուրք: Բացի այդ, ընդունելի չէ այն հիմնավորումը, որ փաստաբաններից գանձվող տուրքը նախատեսվում է ուղղել հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը, քանի որ այդ գրասենյակի պահպանումը հանդիսանում է պետության պոզիտիվ պարտականությունը: Ուստի ելնելով վերոգրյալից` պաշտպանը առաջարկել է նախարարին վերանայել ««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը եւ պատշաճ կերպով շահագրգիռ անձանց հետ քննարկելուց հետո միայն դնել համապատասխան շրջանառության մեջ՝ հաշվի առնելով մեր կողմից նշված դիտողությունները»:
Նույն հարցը երեկ քննարկվել է նաեւ Հանրային խորհրդի նիստի ժամանակ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Քննարկման մասնակիցները համակարծիք են եղել, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգը, որը նախատեսում է նաեւ գրանցամատյանում հաշվառելու համար գանձվող տարեկան վաթսուն հազար դրամ տուրք, բացասական ազդեցություն կունենա դատաիրավական ոլորտի վրա՝ խոչընդոտելով փաստաբանների անկախ ու անկաշկանդ գործունեությունը:
Ինչ վերաբերում է գանձվող գումարին, որը պետք է ուղղվի անվճար իրավաբանական օգնությանը, ապա դա նույնպես համարվել է անթույլատրելի, քանի որ անվճար իրավաբանական օգնության համար օրենքով սահմանված կարգով պարտավոր է վճարել պետությունը: Հանրային խորհրդի անդամները հույս են հայտնել, որ կառավարությունը կվերանայի այդ որոշումը եւ հետ կվերցնի նախագիծը, իսկ եթե ոչ, հարցը քննարկման կդրվի ՀԽ լիագումար նիստում, որին կհրավիրվի նաեւ Հրայր Թովմասյանը:
Այս առիթով երեկ մեզ չհաջողվեց զրուցել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ, քանի որ վերջինս մեր զանգերին չէր պատասխանում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս