Այսօր հայ գրող Նար-Դոսի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ գրող Նար-Դոսի մահվան օրն է:  Նար-Դոսի ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է՝ իր մարդկայնական ու բարոյական հատկություններով։ Նրան բնորոշ է արդիականության սուր զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը։ Նրա լեզուն ժամանակի հայերենի բարձրակետն է, ստեղծագործությունը, ամբողջությամբ վերցրած, հայ արձակի մի նոր աստիճանը։

Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է 19-րդ դարի 1880-ական թվականներին։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888 թվականին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»ի ժողովածուում, ապա պատմվածքներ (Նեղ օրերից մեկը, Ես և նա), ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886), «Եղբայր» (1887) պիեսները։ 1886 թվականից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1887), «Բարերար և որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունյան» (1890) վեպերը։

Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Այստեղ գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է։ Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպես բժշկեցին», 1889), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։

Այդ շրջանի գործերից է «Աննա Սարոյան» վիպակը։ Երկում պատկերված է ընտանիք, որի անդամները տան գլխավորի՝ հոր, սնանկանալուց ու մահից հետո չեն դիմանում կյանքի փորձություններին և, ի վերջո, կործանվում են։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը։




Լրահոս