Ընդդիմությունը պետք է կարողանա ճիշտ ժամանակին միավորվել՝ էլ ավելի փոքրացնելով իշխանության միահեծանության շանսերը ՏԻՄ ընտրություններում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետեւելով այն ակտիվությանը, որն արդեն իսկ առկա է հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ, դժվար է չընդունել, որ առնվազն Գյումրու եւ Վանաձորի ինքնակառավարման մարմինների ընտրակարգում կատարված փոփոխությունները դրական ազդեցություն կարող են ունենալ մեր քաղաքական դաշտի վրա:

ՀՀ Սահմանադրության փոփոխության, ապա ընտրական նոր օրենսգրքի ընդունման գործընթացում հաճախ էր նշվում քաղաքական կուսակցությունների դերակատարության մեծացման անհրաժեշտությունը: Եթե կոնկրետ խորհրդարանի ձեւավորման նոր կարգում կուսակցությունների դերի մեծացմանը միտված մեխանիզմները բավականին վիճահարույց են, ապա Գյումրիի եւ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում համամասնական ընտրակարգի կիրառումը միանշանակ նպաստելու է տեղերում քաղաքական ուժերի ակտիվացմանն ու մրցակցության արդյունքում գործունեության արդյունավետության մեծացմանը:

Տարիներ շարունակ արձանագրել ենք, որ ընդդիմադիր կուսակցությունները զրոյական հետաքրքրություն են ցուցաբերում ՏԻՄ ընտրությունների նկատմամբ, անգամ խոշոր քաղաքներում: Այն հատուկենտ բացառություններն էլ որ եղել են, կրել են ավելի շատ տեղային-անձնավորված բնույթ, քան բխել են կուսակցական քաղաքականությունից: Եվ արդյունքում ունեցել ենք մի իրավիճակ, երբ այս կամ այն նորաստեղծ ընդդիմադիր ուժը պոպուլիստական արմատական հայտարարությունների, ինչպես նաեւ այդ պահին իշխանությունների գծած սցենարում տեղավորվելու արդյունքում մեկեն հայտնվել է ԱԺ-ում՝ չունենալով քաղաքական որեւէ փորձառություն, իր ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարած աշխատանքի որեւէ տեսանելի արդյունք եւ պատասխանատվություն, ինչն էլ իր բացասական ազդեցությունն է ունեցել հետագայում խորհրդարանական ողջ ընդդիմության գործունեության վրա:

Այս ամենից էլ մեծ հաշվով տուժել է ժողովուրդը, քանի որ մի կողմից խաբվել է՝ իր ձայնը տալով ամբոխահաճ, փուչ հայտարարություններ անող ընդդիմադիր ուժիերին, մյուս կողմից էլ ստիպված է եղել համակերպվել իշխող ուժի վերարտադրության հետ, քանի որ վերջինիս համար նման ընդդիմության պարագայում դա զգալիորեն հեշտանում էր:

Հիմա, սակայն, այլեւս ընդդիմադիր ուժերը կարող են եւ պետք է նախ՝ իրենց կարողությունները դրսեւորեն առայժմ ՀՀ 2-րդ եւ 3-րդ քաղաքներում՝ ոչ միայն մասնակցելով ՏԻՄ ընտրություններին, այլեւ շեմը հաղթահարելու դեպքում՝ ավագանու իրենց գործունեության ընթացքում ցույց տալով, թե պոպուլիզմից անդին ինչի են ունակ: Իշխանությունների համար էլ ընդդիմադիր ուժերի նման մասնակցության պարագայում վերարտադրությունը որոշակիորեն բարդանալու է, նաեւ հետագայում է դժվար լինելու ակտիվ ընդդիմադիր ավագանու առկայությամբ տեղական իշխանիկների իրենց նախկին գործելաոճի շարունակությունը:
Մնում է, որ ընդդիմությունը կարողանա ճիշտ ժամանակին միավորվել՝ էլ ավելի փոքրացնելով իշխանության միահեծանության շանսերը:




Լրահոս