Զախարովան կողմերին զգուշացնում է՝ հանկարծ «խաղեր չտալ», հակառակ դեպքում մատնացույց է արվում «նոր արյունահեղության և նոր զոհերի հնարավորությունը». խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդյունքները տհաճ անակնկալների չեն հանգեցնի: Այս մասին երեկվա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Կարեւորն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ ավարտ ունենա: Անհրաժեշտ է, որպեսզի բոլոր թիմերն ընդհանուր արդյունքի համար խաղան՝ բացառելով նոր արյունահեղության եւ նոր զոհերի հնարավորությունը: Եթե ԼՂ հարցով բանակցային գործընթացը տարվեր հակամարտության միայն մեկ կողմի հետ, ապա այն կարող էր վտանգավոր լինել, սակայն երկու կողմերից թե՛ ղեկավարությունը, թե՛ փորձագիտական խումբը տեղյակ են, թե ինչ է կատարվում, եւ ոչ մի անակնկալ չի կարող լինել»,- ասել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

Զախարովայի այս հայտարարությունն առավել քան ուշագրավ է այն առումով, որ հատկապես անցած երկու շաբաթվա ընթացքում վերջին տարիների համար աննախադեպ կերպով ակտիվացել են հայկական կողմից ազատագրված տարածքների հանձնման վերաբերյալ տարբեր խողովակներով արտահոսքերը: Սակայն, ինչպես միշտ, ՀՀ իշխանությունները փորձում են հանրությանը վստահեցնել, թե այս պահին նման հարց չի քննարկվում, իսկ այս ողջ ակտիվությունն էլ ընդամենը բանակցային գործընթացը վերսկսելուն ուղղված ջանքեր են: Ավելին՝ ՀՀԿ-ական պատգամավորներն ու ՀՀԿ-ամերձ փորձագետները տարբեր մամուլի ակումբներում նոն-ստոպ ռեժիմով այս հարցի շուրջ ասուլիսներ են հրավիրում՝ հավաստիացնելով, թե «Լավրովի պլան» ասվածը գոյություն չունի, թե պետք է հավատալ բացառապես պաշտոնական տեղեկատվությանը եւ տարածքների հանձնման հեռանկարի մասին խոսակցություններով չթուլացնել հայ զինվորի ոգին:

Եվ, ահա, Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությունը գալիս է ասելու, որ բանակցային գործընթացի հետ կապված որեւէ անակնկալ բան չկա կողմերից ոչ մեկի եւ առաջին հերթին՝ հայկական կողմի համար: Եվ այն, ինչն այդքան ոգեւորել էր Սերգեյ Լավրովին, ով Բաքվում հայտարարել էր, թե կողմերն առավել քան երբեւէ մոտ են կարգավորմանը, մանրակրկիտ ձեւով քննարկված է հայկական կողմի հետ: Իսկ որ Լավրովին եւ նրա ադրբեջանցի պաշտոնակցին չէր կարող ոգեւորել կարգավորան հայանպաստ տարբերակ, պարզից էլ պարզ է, եւ ուրեմն Զախարովան ուզում է ասել, որ լավրովյան պլանը կամ նորացված Կազանյան փաստաթուղթը, որը ենթադրում է սկզբում 5 շրջանների հանձնում Ղարաբաղի «միջանկյալ կարգավիճակի» դիմաց, քննարկված եւ համաձայնեցված է նաեւ հայկական կողմի հետ:

Սրանով Զախարովան նաեւ կողմերին /ավելի շատ հայկական կողմին/ զգուշացնում է՝ հանկարծ «խաղեր չտալ» եւ իքս պահի երկրի ներսում ընդվզման ալիքի բարձրացման դեպքում անտեղյակ չձեւանալ եւ չփորձել հետ կանգնել արված քայլերից: Հակառակ դեպքում մատնացույց է արվում «նոր արյունահեղության եւ նոր զոհերի հնարավորությունը»:

 




Լրահոս