Արդյոք հենց այս փուլում երկրում խժդժությունների բարձրացումն այն տրոյական ձին չէ, որը թշնամու առջեւ կբացի ազատագրված տարածքների դարպասները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 17-ին Երեւանում՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում, շոկային էր բոլորիս համար: Կատարվածն անթույլատրելի էր ոչ միայն զոհի եւ վիրավորների, առհասարակ, զինված հարձակմամբ եւ ոստիկանական օբյեկտի գրավմամբ իշխանափոխության հասնելու, այլեւ նման ծայրահեղ քայլի արտաքին քաղաքական ծանր հետեւանքների տեսանկյունից: Հատկապես այս փուլում, երբ Հայաստանն ու Արցախը կանգնած են պատերազմի շեմին եւ ընթանում են ակտիվ բանակցություններ, որոնց ընթացքում, բնականաբար, կիրառվում են լուրջ ճնշումներ՝ հայկական կողմին զիջումների հարկադրելու ուղղությամբ /Ադրբեջանի վրա գործադրվող ճնշումներն, անշուշտ, եւս փոքր չեն/, Երեւանի սրտում նման հարձակումը չի կարող բացասական ազդեցություն չունենալ բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերի վրա:

Ապրիլյան պատերազմից հետո 800 հա տարածքի կորստի մասին իշխանություններից առաջ բարձրաձայնեց հենց «ահաբեկիչ» դարձած Վարուժան Ավետիսյանը, ապա Ժիրայր Սէֆիլյանը, եւ անցած ամիսները ցույց տվեցին, որ, ցավոք, մեր քաղաքական դաշտում հայկական կողմի կրած կորուստների շուրջ ընդդիմադիր դաշտի մնացած ուժերը անհասկանալիորեն լղոզված եւ կրավորական կեցվածք ունեն: Վերջին երեք ամիսներին կորցրած տարածքների վերադարձի եւ նոր տարածքային զիջումների վտանգի մասին ամենաբարձրը հենց Ժիրայր Սէֆիլյանն ու նրա համախոհներին էին ահազանգում: Եվ նախօրեին ոստիկանական գնդի գրավումն ու յոթ ոստիկանների պատանդառությունը շատերի կողմից գնահատվում է որպես տարածքների հանձնման ուղղությամբ Սերժ Սարգսյանի հնարավոր որոշումը կանխելուն ուղղված միակ միջոց: Այդ մասին, ի դեպ, կատարվածից մի քանի օր առաջ Սէֆիլյանը բաց տեքստով գրել էր նաեւ Գարեգին Չուքասզյանին ուղղված իր նամակում՝ կոչ անելով ի գործ:

Եվ հիմա, երբ այդ գործի մեկնարկը տրված է, հարց է առաջանում՝ իսկ ինչ գին պետք է վճարեն ոչ միայն իրենք՝ խմբի անդամները, այլեւ ողջ հասարակությունը եւ, ամենակարեւորը, Արցախը, եթե այս իրավիճակը չզարգանա «Սասնա ծռերի» նախանշած սցենարով: Արդյոք հենց այս փուլում երկրում խժդժությունների բարձրացումն այն տրոյական ձին չէ, որը թշնամու առջեւ կբացի հենց նույն ազատագրված տարածքների, եւ ոչ միայն, դարպասները:

Այլ պարագայում միգուցե կարելի էր նման հարցադրումները համարել արտաշեսգեղամյանականություն, սակայն ապրիլյան պատերազմից հետո, կարծում ենք, այս հարցի շուրջ մոտեցումների վերանայում պետք է լիներ նաեւ արմատական ընդդիմության մոտ:
Իհարկե, կոռումպացված իշխանությունը բազում այլ «տրոյական ձիեր» է այս տարիներին ներս թողել, որոնք քայքայել են մեր երկրի անվտանգությունը: Պետք է պայքարել դրա դեմ, պետք է պարտադրել իշխանություններին վերափոխվել կամ հեռանալ: Սակայն դա պետք է արվի առանց զենքի եւ առանց զոհերի:




Լրահոս