Իշխանությունը պետք է շատ արագ ընկալի հանրությանն ուղղված ուղերձը. հապաղման յուրաքանչյուր օրը կարող է անդառնալի վնասներ հասցնել մեր պետականությանը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» ջոկատի գործողությունները հանրության մի մասը որակեց ահաբեկչություն, իսկ մյուս մասը գնահատեց որպես հերոսություն եւ իրավիճակի փոփոխության միակ տարբերակ: Սակայն հանրության հիմնական մասն անցած օրերին այդպես էլ չէր կարողանում կողմնորոշվել, եւ դրա գլխավոր պատճառը մարդկային զոհն էր: Իրականում գնդապետ Արթուր Վանոյանի մահը, կարելի է ասել, փրկեց իշխանություններին, քանի որ ժողովրդի զգալի մասը, նրանք, ովքեր ցանկանում են իշխանափոխություն եւ անգամ պատրաստ են օրերով պայքարել հանուն դրա, ընկրկում են մարդկային զոհի փաստից:

Մարդիկ ասում են՝ այո, կան խնդիրներ, երկիրը գլորվում է դեպի անդունդ, խեղդվում է կոռուպցիայի ճիրաններում, եւ հատկապես մեր գլխին դամոկլյան սրի նման կախված պատերազմի պայմաններում օր առաջ անհրաժեշտ է փոխել այս իշխանություններին, սակայն ոչ արյունահեղությամբ. մի բան, որ տեղի ունեցավ «Սասնա ծռեր»-ի հարձակման առաջին իսկ օրը: Իրականում որքան էլ հանրությունը գիտի, որ այդ խմբի անդամներից ո՛չ Վարուժան Ավետիսյանը, ո՛չ Պավլիկ Մանուկյանը, ո՛չ էլ մյուսները ահաբեկիչներ չեն, սակայն նրանց արարքը կրում է ահաբեկչության հիմնական բաղադրիչները. նրանք գրավել են պետական նշանակության օբյեկտ, պատանդներ վերցրել եւ պահանջներ առաջադրել, եւ, ամենակարեւորը, այդ ամենի ընթացքում եղել են վիրավորներ եւ զոհ:

Սակայն այն, ինչ տեղի ունեցավ երեկ, նրանց դուրս հանեց «ահաբեկչի» բնութագրի շրջանակներից: Երեկ գնդապետ Վանոյանի հուղարկավորությունն էր: Եվ ինչպես տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը, «ահաբեկիչներ» Վ. Ավետիսյանը, Պ. Մանուկյանը եւ այլք պատանդառված Երեւանի փոխոստիկանապետեր Վալերի Օսիպյանի, Վարդան Եղիազարյանի եւ մյուս երկու ոստիկանների հետ զինվորական կարգով հարգել են գնդապետի հիշատակը՝ զինվորական համազարկներ արձակելով: «Ահաբեկիչը իր պատանդի ձեռքը լիցքավորված զենք չի տալիս, ահաբեկիչը չի հարգում իր զոհի հիշատակը»,- արձանագրեց Փաշինյանը: Այս փաստը շատ կարեւոր էր, եւ կարող է բեկումնային նշանակութուն ունենալ հանրային տրամադրությունների փոփոխության առումով: Եթե մինչ այս մարդիկ հազարներով դուրս չէին գալիս փողոց՝ սատարելու «ահաբեկչական խմբի» գործողությունները, ապա հիմա առավել ակնհայտ դարձավ, որ նրանք ահաբեկիչներ չեն, նրանք ապստամբներ են, որոնք, սակայն, դժբախտություն են ունեցել մարդկային կյանք խլելու եւ դրա համար խորապես ցավում են:

Կարծում ենք՝ իշխանությունը պետք է շատ արագ ընկալի հանրությանն ուղղված այս ուղերձը եւ ճշգրիտ գնահատելով դրա ազդեցության չափը՝ կարճ առաջիկայում անցնցում ելքեր առաջարկի՝ ինչպես բուն զինված խմբի հետ բանակցային գործընթացում առաջընթացի, այնպես էլ հետզհետե ավելի բորբոքվող եւ զինված խմբի հանդեպ համակրանքով լցվող ժողովրդին հանդարտեցնելու հարցում: Հապաղման յուրաքանչյուր օրը կարող է անդառնալի վնասներ հասցնել մեր պետականությանը:




Լրահոս