Մինչ մեր երկրում բոլորի ուշադրությունը սեւեռված է Խորենացի փողոցում եւ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում ընթացող զարգացումների վրա, մտահոգիչ իրադարձություններ են տեղի ունենում ՀՀ-ի սահմաններին շատ մոտ՝ Թուրքիայում եւ Ադրբեջանում: Նախ՝ Թուրքիայում չհանդարտվող ներքաղաքական ցնցումները առաջիկայում կթեւակոխեն նոր ռեպրեսիաների փուլ:
Հազարավոր ուսուցիչների, գիտնականների եւ դատավորների աշխատանքից ազատելուց եւ ձերբակալելուց, առհասարակ, մտավորականության ելքը երկրից կասեցնելուց եւ տասնյակ հազարավոր մարդկանց բանտերը լցնելուց հետո Էրդողանը Թուրքիայում 3 ամսով արտակարգ դրություն հայտարարեց, որից հետո հայտնի դարձավ, որ երկրում ժամանակավորապես դադարեցվելու է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի գործունեությունը:
Այդ որոշման մասին հայտարարած Թուրքիայի փոխվարչապետ Կուրտուլմուշը մատնանշել է ավելի վաղ ահաբեկչության եւ քաղաքական ճգնաժամի արդյունքում նույն քայլին դիմած Ֆրանսիայի եւ Ուկրաինայի օրինակները, սակայն ակնհայտ է, որ, ի տարբերություն վերիններիս, Թուրքիայի համար նման կասեցումը նշանակում է հազարավոր անմեղ մարդկանց խոշտանգումներ, երկարաժամկետ ազատազրկում, իսկ շատերի դեպքում էլ՝ մահապատիժ:
Եվ, բնականաբար, է´լ ավելի ավտորիտար, ռեպրեսիվ Թուրքիան չի կարող ավելի մեծ սպառնալիք չլինել մեզ համար, քան համեմատաբար ժողովրդավար Թուրքիան, ինչպիսին էր այն 2009 թ՝ հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» տարիներին: Հեղաշրջումից հետո առավել ուժեղացնելով իր իշխանությունը Թուրքիայում՝ Ռ. Էրդողանը դառնալու է է´լ ավելի լկտի, անկառավարելի եւ գերտերությունների ճնշումներին չենթարկվող, ինչը չի կարող իր խիստ բացասական ազդեցությունը չունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
Առավել եւս, որ ներկայում թուրք-ադրբեջանական ռազմավարական հարաբերություններն է´լ ավելի են մերձենում, եւ այդ ուղղությամբ վերջին զարգացումը՝ կապված Ադրբեջանում ռազմական օդանավակայանի տերմինալներից մեկը եւ համապատասխան տարածքներն ու շինությունները թուրքական զինուժին տրամադրելու հետ, դրա խոսուն դրսեւորումն է: Այդ ռազմական օբյեկտներում Թուրքիան կկարողանա իր զինվորականներին, տեխնիկան ու մարտական ինքնաթիռները տեղակայել, ինչը, ըստ էության, նշանակում է ռազմական բազայի տեղակայում, թեեւ Ադրբեջանի ՊՆ փոխնախարարը փորձել է դա հերքել:
Իսկ դրանից առաջ էլ ադրբեջանական 2 լրատվամիջոց էր փակվել՝ Թուրքիայում հեղաշրջման մեջ մեղադրվող Գյուլենի հետ հարցազրույց անելու պատճառով: Ասել է թե՝ հետզհետե այս 2 երկրները գնում են առավել մերձեցման եւ ՀՀ-ի ու Արցախի շուրջ վտանգավոր օղակը էլ ավելի է ամրապնդվում: Իսկ մենք այս ընթացքում Երեւանի Խորենացի փողոցում տարբեր «փրկիչների գաստրոլների» վրա ենք մեր ժամանակը վատնում: Հատուկ նշենք՝ խոսքը ՊՊԾ գնդից դուրս հատկապես Երեւանից ճամարտակող «փրկիչների» մասին է: