Երեւանում 13-րդ օրը շարունակվող արտակարգ իրավիճակում համառորեն քար լռություն պահպանող իշխող Հանրապետական կուսակցությունը երեկ հերթական ԳՄ նիստն էր հրավիրել, որից հետո Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ինչպես միշտ, զավեշտալի հայտարարություններ արեց. «Մեր մոտեցումը եղել է եւ մնում է այն, որ հայը հայի վրա չպիտի կրակի, եւ իշխանությունը արել է ամեն բան, որպեսզի արյուն չհեղվի»: Նախ՝ անհասկանալի է, թե ինչ ասել է, երբ երկրի բարձրաստիճան պաշտոնյան, ով նաեւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն է, ասում է, թե հայը հայի վրա չպետք է կրակի:
Ներողություն, իսկ կարող է հայը, օրինակ, եզդու, ռուսի կամ ասորու վրա կրակե՞լ: Նաղդալյանը նաեւ անդրադարձավ ԱԺ արտահերթ նիստ չհրավիրելու պատճառին՝ հերթական անտրամաբանական բացատրությունը ներկայացնելով. «Այսօր գնում են դատական նիստեր, որոշումներ են կայացվում, եւ պատգամավորների կողմից որեւէ կոչերը կարող են ավելի լարել իրավիճակը»:
Փաստորեն, եթե այդ տրամաբանությամբ նայենք, ապա երկրիս ԱԺ-ն առհասարակ որեւէ անելիք չունի, քանի որ այս կամ այն հարցի շուրջ պատգամավորների հայտարարությունները կարող են լարել իրավիճակը: Դեռ լավ է, որ, օրինակ, Մարտի 1-ից հետո Աժ նիստերը չեն կասեցվել: Փաստորեն այն ժամանակ չէին հասկանում, որ պատգամավորներն իրենց հայտարարություններով ավելի կլարեն իրավիճակը:
Նաղդալյանի հաջորդ հայտարարությունը վերաբերում է ղարաբաղյան բանակցային գործընթացնին.
«Եթե խոսվում է հողերի հանձնման մասին, պետք է նախ հասկանանք՝ ինչ ունենք իրականության մեջ, ինչ բանակցություններ կարող են սկսվել եւ ընթանալ Մինսկի խմբի համանախագահների, ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների միջեւ»,-ասում է տիկինը: Լավ, հասկանանք, բայց ինչպե՞ս, եթե չկա ճշմարիտ տեղեկատվություն, եթե Սերժ Սարգսյանը միայն 2016 ապրիլին է խոստովանում, որ, օրինակ, 2011-ին պատրաստ է եղել ստորագրել Կազանյան փաստաթուղթը եւ հանձնել ազատագրված 5 շրջանները:
Եվ, ի վերջո, երեկվա ամենակարեւոր միտքը տիկին փոխխոսնակի շուրթերից. «Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող է ասել, որ ՀՀ իշխանությունները երբեւիցե կգնան նրան, որ ազատագրված հողերը հանձնվեն»: Փաստորեն, Նաղդալյանը ոչ միայն սեփական շեֆի՝ արդեն հիշատակված հարցազրույցը չի տեսել, այլեւ ապրում է Լուսնի վրա, այլապես կիմանար, որ ոչ թե «ինչ-որ մեկը», այլ Խորենացի փողոցում տասն օր հավաքվող հազարավոր քաղաքացիները ոչ թե ասում են, այլ համոզված են, որ հենց ազատագրված տարածքների հանձնման գործընթացի կասեցման համար է անհրաժեշտ իրենց պայքարը:
Եվ դեռ այսքանից հետո էլ ապրիլյան քառօրյայի օրերին ազատագրված տարածքները «բուֆերային գոտի» որակող եւ դրանց վրա հայկական կողմի օրինական իրավունքները կասկածի տակ դնող Նաղդալյանը հայտարարում է. «Մենք պետք է կարողանանք իսկապես ճիշտ դասեր քաղել այս ամենից»: