«Հայկական վերածնունդ»-ը խստորեն դատապարտում է Սարի թաղում տեղի ունեցած դեպքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը խստորեն դատապարտում  է երեկ երեկոյան Սարի թաղում և Խորենացի փողոցում ցուցարարների, լրագրողների, քաղաքական գործիչների, խաղաղ բնակչության նկատմամբ ոստիկանության կիրառած անհամաչափ և բիրտ ուժը, որի արդյունքում տասնյակ քաղաքացիներ ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցներում: Անընդունելի ենք համարում  իրավապահ մարմինների, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալ վարքագիծը, իրավիճակը առանց հիմնավոր պատճառների էսկալացիայի ենթարկելու չպատճառաբանված քայլերը, որոնք էլ ավելի են սրում ներքաղաքական իրավիճակը, բարդացնում անարյուն ու առանց բախումների խաղաղ հանգուցալուծման հնարավորությունը: Կրկնում ենք, ելքը քաղաքական է, ավելին` հենց քաղաքական գործընթացը և քաղաքական որոշումներն են, որ ապահովելու են այս իրավիճակի հանգուցալուծումը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը հավատարիմ է ստեղծված իրավիճակի հետ կապված նախկինում արդեն արված հայտարարությանը և գտնում է, որ խնդիրը պետք է լուծվի քաղաքական հարթության մեջ, առանց առճակատումների և բախումների: Ավելին՝ օրերս տված ծավալուն հարցազրույցում «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը նույնպես, անդրադառնալուվ խնդրին, որպես իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ճանապարհ, առաջարկել էր ստեղծել խնդրի լուծման համընդգրկուն քաղաքական ձևաչափ, ընդգծելով` մեր երկրին ու ժողովրդին նոր սկիզբ և նոր մեկնարկ է հարկավոր` ինչը նախ և առաջ նշանակում է լայնածավալ ու արմատական քաղաքական փոփոխությունների սկիզբ ու հանձնառությունը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ևս մեկ անգամ  հայտարարում է, որ ստեղծված իրավիճկը  ունի խորքային պատճառներ, որոնց հաղթահարման միակ ճանապարհը Հայաստանում անհապաղ կտրուկ և իրական քաղաքական փոփոխություններն են, իսկ հանգուցալուծման առանցքը պետք է լինեն ոչ թե բռնությունները, այլ քաղաքական գործընթացներն ու քաղաքական լուծումները: Երեկ տեղի ունեցածը ևս մեկ հուժկու հարված էր Հայաստանի հեղինակությանը և վարկանիշին, որը վերականգնելը երկար ժամանակ կպահանջի:

Կոչ ենք  անում այլևս զերծ մնալ նման մեթոդներով հարցերը լուծելու պրակտիկայից, անցկացնել հետաքննություն և խստորեն պատժել Սարի թաղում և Խորենացի փողոցում իրականացված բռնության հեղինակներին, ինչպես նաև շուտափույթ ազատ արձակել  անհիմն բերման ենթարկված քաղաքական գործիչներին և քաղաքացիներին:




Լրահոս