Ինչո՞վ է Սերժ Սարգսյանը գնում Մոսկվա՝ մինչ այս «հաջողությամբ» կասեցնելով «Սասնա ծռերի» սկսած ապստամբության փորձը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ օգոստոսի 10-ին Սերժ Սարգսյանը մեկնելու է Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման: Ու թեեւ պաշտոնական հաղորդագրության մեջ քննարկվելիք հարցերի շրջանակում ուղղակիորեն նշված չէ ԼՂՀ-ի հարցը, ակնհայտ է, որ հենց դա է լինելու քննարկման առանցքում:

Հատկապես, որ դրանից ընդամենը 2 օր առաջ՝ օգոստոսի 8-ին, Պուտինը Բաքվում կհանդիպի Իլհամ Ալիեւի հետ, ապա արդեն օգոստոսի 9-ին՝ կհյուրընկալի Թուրքիաի նախագահ Ռեջեփ Էրդողանին, եւ, բնականաբար, այդ հանդիպումների ընթացքում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ կլինեն կարեւոր քննարկումներ, գուցե նաեւ՝ պայմանավորվածություններ:

Ինքնին այս հանդիպումների հաջորդ օրը Ս. Սարգսյանին Մոսկվա հրավիրելու փաստն արդեն մտահոգիչ է, եւ շատ կարեւոր է հասկանալ, թե ինչով է Ս. Սարգսյանը գնում Մոսկվա՝ մինչ այս «հաջողությամբ» կասեցնելով հուլիսի 17-ից «Սասնա ծռերի» սկսած ապստամբության փորձը: Արդյոք «Սասնա ծռերի» քայլը էլ ավելի թուլացրեց Սարգսյանի դիրքերը, թե հակառակը՝ նա 15 օր շարունակ երկիրը ցնցումների դուռը հասցրած այս իրավիճակը կարող է ներկայացնել որպես խաղաքարտ՝ խուսափելու համար տարածքային զիջումների շուրջ հնարավոր ճնշումներից:

Այս հարցի պատասխանը ստանալու համար, սակայն, նախ հարկ է հասկանալ, թե ինչու էր ՌԴ-ն այդքան փափագում, որ Հայաստանի իշխանություններն օր առաջ արյան մեջ խեղդեին այդ «ահաբեկչությունը», ինչի մասին պաշտոնական Մոսկվան մեկը մյուսի հետեւից հայտարարություններ էր անում՝ այդ ընթացքում չխորշելով անգամ քննադատել ԵՄ «կեղծ մարդասիրությունը», որն իր հայտարարություններում կատարվածը դիտարկում էր որպես անթույլատրելի, սակայն քաղաքական գործընթաց՝ համապատասխանաբար հանգուցալուծման քաղաքական քայլերի կոչեր անելով:

Մի կողմից, իհարկե, Խորենացի փողոցում զարգացող պրոցեսը կարող էր Մոսկվայի մոտ առաջացնել մայդանային մտավախություններ, եւ ապստամբության փորձը արյան մեջ խեղդելու նրանց կոչը կարելի է այս համատեքստում ընկալել: Մյուս կողմից, սակայն, դա կարող էր լինել ընդամենը Հայաստանում քաոս ստեղծելուն ուղղված ծրագրի մեկնարկ, որը, ամեն դեպքում, Ս. Սարգսյանը կարողացավ կանխել: Այլ հարց է, որ դա մյուս կողմից էլ կարող էր հրաշալի առիթ լինել Արեւմուտքի համար՝ վերջապես երկրում գունավոր հեղափոխություն իրականացնելու նպատակով:

Իրականում անցած 15 օրերին Խորենացի փողոցում իրենց մասնաբաժինն էին ցանկանում ունենալ թե՛ Արեւմուտքը, թե՛ Ռուսաստանը, եւ դա հստակ տեսանելի էր անգամ ոչ շատ սուր աչք ունեցող փորձագետների համար, եւ այն, որ ՊՊԾ գնդի գրավման վերջին օրերին Վարուժան Ավետիսյանը ուշագրավ փոփոխություններ կատարեց իրենց պահանջներում՝ զուտ Ս. Սարգսյանի եւ նրա վարչակազմի դեմ ուղղված պայքարը վերաորակավորելով որպես ՌԴ-ի դեմ ապագաղութացման պայքար, բավականին հետաքրքրական է եւ լուրջ մտորումների տեղիք տվող:




Լրահոս