Ժիրինովսկին պատրաստ չէ ներողություն խնդրել Հայաստանից. Rusarminfo (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼԴՊՌ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հարցազրույց է տվել Rusarminfo ռուս-հայկական լրատվական գործակալությանը, որում մեկնաբանել է Հայաստանի մասին իր վերջին հայտարարությունները:

– Վլադիմիր Վոլֆովիչ, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը պահանջեց Ձեզանից ներողություն խնդրել Հայաստանի մասին հայտարարության համար: Մեկնաբանեք, խնդրեմ, դեսպանի հայտարարությունը:

– Մենք մեծ հաճույքով կպահանջենք, որպեսզի Հայաստանը հետ կանչի նման դեսպանին: Ես մշտապես պաշտպանել եմ Հայաստանին: Որտեղի՞ց է նա վերցրել, որ ես ինչ-որ վատ բան եմ ասել Հայաստանի մասին: Ինձ հարցրել են ոստիկանական բաժանմունքի գրավման մասին և այն մասին, թե ինչ կարող է լինել այդ երկրում: Ես պատասխանել եմ, թե ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանում: 1991թ.-ին ինձ հարցրեցին՝ ո՞ւմ հանձնեք Ղարաբաղը: Ես ասացի՝ Հայաստանին: Քաղաքական կուսակցություններից ոչ մեկն այդպես չպատասխանեց: Միայն ես:

– Հիմա՞ էլ այդպես եք մտածում: 

– Մի խառնեք թեմաները: Տվյալ դեպքում Օլեգ Եսայանը Ղարաբաղի մասին չի խոսել: Ես ասել եմ, որ Հայաստանը փոքր երկիր է, շրջապատված լեռներով, որ նման պայմաններում դժվար է տնտեսություն զարգացնել: Ասել եմ նաև, որ հայերի մեծամասնությունն ապրում է Հայաստանից դուրս: Սխալ բա՞ն եմ ասել: Բոլորին հայտնի է, որ հայերն ապրում են Իրանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում: Ես ասել եմ, որ եթե Հայաստանում չլիներ ռուսական ռազմական բազան, ապա այն կոչնչացնեին թուրքերն ու ադրբեջանիցները: Ես կանխատեսում եմ արել:

– Հայ հասարակությունն իսկապես վրդովված է Ձեր հայտարարություններով: Ասացեք, խնդրեմ, Ձեր մտքերը համընկնո՞ւմ են Կրեմլի կամ Վլադիմիր Պուտինի դիրքորոշման հետ:

– Ես Կրեմլը չեմ և ոչ էլ ՌԴ նախագահը: Ես արևելագետ եմ: 50 տարի զբաղվում եմ Կովկասով, Թուրքիայով, Իրանով: Եթե դուք հզոր երկիր եք, ապա ձեզ պետք չեն որևէ մեկի ռազմական բազաներն ու օգնությունը: Իսկ ահա հզոր Թուրքիային, ով ունի 70 միլիոն բնակչություն, պետք է Ռուսաստանի օգնությունը, և Էրդողանը գալիս է Մոսկվա համաձայնության հասնելու համար: Եթե Հայաստանին օգնություն պետք չէ, ապա Ռուսաստանը չի միջամտի:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս