ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է
ԱԺ ՀԱԿ խմբակցության՝ երեկ տեղի ունեցած արտահերթ նիստին մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը տեւական ժամանակ, ըստ էության, խզել էր իր կապերը գործընկերների հետ: Արտահերթ նիստում քննարկվել է խորհրդարանական միջազգային պատվիրակություններում ՀԱԿ ներկայացուցիչների վերանշանակման հարցը, քանի որ Հովիկ Աբրահամյանի կարգադրությունից հետո խմբակցությունները պետք է նորից առաջադրումներ անեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ-ում որոշել են այդ պատվիրակություններում իրենց ներկայացուցիչներին չփոխել եւ առաջադրել նաեւ խմբակցության հետ, ըստ էության, իրենց կապերը խզած Նիկոլ Փաշինյանի ու Հրանտ Բագրատյանի թեկնածությունները: Եվ երեկվա արտահերթ նիստը հրավիրվել է նրանց համաձայնությունը ստանալու համար: Բագրատյանը ՀՀ-ում չլինելու պատճառով չի մասնակցել նիստին, իսկ Փաշինյանը տվել է իր համաձայնությունը: Մեր տեղեկություններով՝ նիստի ժամանակ Փաշինյանի ու ՀԱԿ մյուս պատգամավորների միջեւ չի եղել վերջին ամիսներին նկատվող սառնությունը: Չի բացառվում, որ Փաշինյանը նորից սկսի մասնակցել ՀԱԿ նիստերին. այդ թեմայով եղել են փոխադարձ ակնարկներ: Ինչ վերաբերում է Բագրատյանին, ապա ՀԱԿ խմբակցությունը նրա հետ կապ է հաստատել էլեկտրոնային փոստի միջոցով. ՀԱԿ-ում սպասում են նրա պատասխանին: Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասաց, որ խմբակցության արտահերթ նիստում քննարկվել է միայն խորհրդարանական պատվիրակություններում ներկայացուցիչներ նշանակելու հարցը:

ՓԱԿՎՈՒՄ ԵՆ
Հանգստյան օրերին Երեւանում փակվեցին Մաշտոց-Թումանյան խաչմերուկում եւ Բանավան 19 հասցեում գտնվող «Սթար» սուպերմարկետները, որոնք երկար տարիներ հաջողությամբ գործում էին: Նշենք, որ Մաշտոցի «Սթար»-ը բացվել էր 2007թ., իսկ Բանավան 19 հասցեինը՝ 2012թ.: «Սթար»-ը սնանկ ճանաչվեց դեռեւս հուլիսին: Նման հայցով դատարան էր դիմել «Պեռնո Ռիկար» ընկերությունը, որին սուպերմարկետների ցանցը պարտք էր 76 միլիոն դրամ: Բացի այդ՝ «Սթար»-ից տուժած 129 պարտատեր ընկերություններն էլ են դատի տվել սուպերմարկետների ցանցին: Այժմ ընդդեմ «Սթար Դիվայդ»-ի 15 դատական հայց է քննվում դատարաններում՝ գումարի բռնագանձման կամ պայմանագրի պարտավորությունների կատարման պահանջով: Ու այս ֆոնին առնվազն զավեշտալի են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերն այն մասին, թե վերջին տարիների ընթացքում ձեռնարկվել են միջոցառումներ, որոնց նպատակն է եղել ստեղծել բարենպաստ պայմաններ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար:

ԿՈՐՈՇՎԻ
Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  որոշվելու է «Տոնուս» շինարարական ընկերության կողմից խաբված բնակիչների ճակատագիրը: Նշենք, որ այս գործով դատական նիստն անընդհատ հետաձգվում էր, քանի որ դատական նիստերին ներկա չէր լինում ո՛չ «Արցախբանկ»-ը, ո՛չ էլ «Տոնուս» ընկերության ներկայացուցիչը:




Լրահոս