ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի շուրջ 75 ընտանիքներ կանգնած են ունեզրկման վտանգի առջեւ: Պատճառն այն է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության (ԳՆ) հատկացրած էլիտար սերմացուն անորակ է դուրս եկել, գյուղացիների ցանքսերը բերք չեն տվել, հետեւաբար նրանք չեն կարող վճարել թանկարժեք սերմացուի համար: Սակայն դա չի մտահոգում ԳՆ-ին, որը վճռական է դատական կարգով գանձելու սերմացուի արժեքը: Այս խնդրին «Ժողովուրդ»-ն արդեն անդրադարձել է: Ստորեւ Ձեզ ենք ներկայացնում վարդենիսցիների բաց նամակը` ուղղված Սերժ Սարգսյանին:
«Ձեզ են դիմում ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի 75 թոշակառուներ:
2011թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը, գործելով ՀՀ անունից, փոխառության պայմանագրով մեզ է հատկացրել էլիտար վերարտադրության սերմացու` 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու կամ 1 կգ-ի դիմաց 700 դրամ վճարելու պայմանով: ՊՈԱԿ-ը, ըստ ՀՀ կառավարության թույլտվության, սերմերը պետք է ներկրեր ՌԴ-ից՝ Ստավրոպոլի «Սեմենա Ստավրոպոլյա» ՍՊԸ-ից: Ըստ ՎՊ-ի 2012թ. փետրվարի 12-ի թիվ 312 ստուգման արդյունքների՝ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը սերմացուն ՀՀ կառավարության 29.07.2010թ. 971-Ն որոշմամբ նշված «Սեմենա Ստավրոպոլյա» ՍՊԸ-ից ձեռք բերելու փոխարեն ձեռք է բերել ՌԴ-ի «Հացահատիկային ընկերությունների միավորում» ԲԲԸ-ից: Այս հավաքված խառը հացահատիկն էլիտար սերմի անվան տակ բաժանել է մեզ՝ գցելով դատական ատյանների ձեռքը: Նշենք, որ ԳՆ անկախ հանձնաժողովը գյուղնախարարի 12.06.2012թ. 94Ա հրամանով ստուգման ենթարկեց Վարդենիսի շրջանի ցանքատարածությունները եւ արձանագրեց, որ ցանքերը գտնվում են անմխիթար վիճակում:
Այդ անմխիթար վիճակ ստեղծողները հենց ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն են, որոնք, շլանալով ձեռք բերածով, մեզ են տվել հիբրիդային պոպուլյացիայի սերմեր: Չէ՞ որ սերմնաբուծությունը սիրում է մաքուր եւ ճիշտ աշխատանք: Փոխանակ նշված ընկերները ՌԴ-ից ներկրեին մաքրասորտ սերմեր, ինչպես «Բեզոսնայա-1», «Բեզոսնայա-4», «Կավկազ» եւ նման այլ բարձր բերքատու սորտերն են, նրանք բերել են հիբրիդային պոպուլյացիաներ, ինչպես «Նոտա», «Կոլեգա», «Կրասնոդար 99» եւ այլ տեսակները, որոնք եղել են սերմերի խառնուրդ եւ չեն ենթարկվել պետական սորտափորձարկման: Ըստ ՎՊ ստուգման արդյունքների՝ այդ նպատակով հատկացված փողերը սորտափորձակայաններում օգտագործվել են այլ նպատակների համար, հօգուտ իրենց գրպանների, իսկ մեզ տրամադրված սերմացուն, առանց պետական սորտափորձարկման կայանների թույլտվության, վագոններից հապճեպ բաժանեցին մեզ, առանց որեւէ ուղեկցող փաստաթղթի` բացի պայմանագրից, որտեղ նույնիսկ գրված չէ, թե ինչ սորտի սերմացու է տրվում մեզ, այնտեղ նշված է միայն «էլիտար սերմացու»:
Հետագայում պարզվեց, որ ՌԴ-ից ներկրված սերմերը 7-ն էլ հիբրիդային պոպուլյացիաներ են՝ նախատեսված միայն իրենց ռեգիոնների համար: Պարզ ձեւով գրված է՝ խորհուրդ է տրվում կիրառել Կրասնոդարի երկրամասի շրջաններում, Ադիգեյի Հանրապետությունում, Ստավրոպոլի երկրամասի շրջաններում, այլ ոչ թե Վարդենիսի նման խստաշունչ ձմեռ ունեցող լեռնային շրջանում: Հիբրիդային պոպուլյացիաները հիմնականում կիրառվում են արդյունաբերական նպատակներով, այն էլ ըստ տարածաշրջանների եւ աշխարհագրական էկո-տիպերի:
Մեծարգո՛ նախագահ, մենք համոզված ենք, որ Վերահսկիչ պալատի ստուգման արդյունքները կա՛մ թաքցրել են Ձեզնից, կա՛մ պարզապես սխալ են զեկուցել: Սերմնաբուծության զարգացում ՀՀ-ում տեղի չի ունենա, ընդհակառակը, այս վիճակը էլ ավելի է խորանալու: Իրենց կողմից ստեղծված այս իրավիճակի արդյունքում մեզ՝ անմեղ մեղավորներիս, դատի են տվել եւ մեզ զրկում են մեր գյուղական բնակարաններից՝ ստիպելով լքել ՀՀ տարածքը: Այդ պատճառով դիմում ենք Ձեզ եւ խնդրում պարզել` ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱ՞Կ-ն է մեղավոր իր ներկրած հավաքածու ցորենով, մեր խեղճուկրակ գյուղացիներիս աշնանացան ցանքե՞րը, թե՞ «Սեմենա Ստավրոպոլյա» ՍՊԸ-ն, որը պատշաճ սերմեր չի տվել ՀՀ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին, ինչի արդյունքում վերջինս ճարահատյալ ներկրած ցորենը ձեռք է բերել ՌԴ-ի «Հացահատիկային ընկերությունների միավորում» ԲԲԸ-ից:
Խնդրում ենք Ձեզ անձամբ Ձեր միջոցով պարզել այս բոլոր փաստերը եւ մեզ ազատել դատական ատյանների ճիրաններից, քանի որ նույն տարում էլիտար սերմացուից ստացված եւ հանրապետության մարզերի 2012թ. աշնանը 1 կգ-ն 168 դրամով հետ վերադարձման որոշմամբ բաշխված սերմացուն չծլարձակվեց: ԳՆ-ն դա հիմնավորեց բնակլիմայական անբարենպաստ պայմաններով, եւ կառավարության որոշմամբ գումարները զիջվեցին:
Մեր՝ 75 շահառուներիս ճակատագիրը կախված է Ձեր արդարամտությունից: Մեր խնդրանքն է` պարզել այս անարդար մեղադրանքը եւ մեղավորներին խստագույնս պատժել»:
ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի մի խումբ բնակիչներ