Այսպիսով՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը թեւակոխում է առավել վտանգավոր փուլ, երբ զարգացումները բոլոր ուղղություններով ընթանում են ի վնաս Հայաստանի:
Նախօրեին Ադրբեջանում կայացած Իրանի, ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը այս առումով նոր իրավիճակ է ձեւավորում՝ հատկապես ավանդաբար Հայաստանի շահերի հարցում նրբանկատ Իրանի դիրքորոշման հնարավոր փոփոխությունների հարցում:
Ի վերջո, մեկ բան է, երբ խոսքը պատժամիջոցների տակ գտնվող եւ արտաքին ելք չունեցող Իրանի մասին էր, որը զուգահեռաբար ուներ լրջագույն տարաձայնություններ Ադրբեջանի, մասամբ՝ նաեւ Ռուսաստանի հետ, մեկ այլ բան, երբ արդեն խոսքը ազատ տնտեսաքաղաքական հարաբերությունների հնարավորություն ունեցող եւ հենց Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ նոր տնտեսական կարեւոր նախագծեր ծրագրող Իրանի մասին է:
Բնականաբար, վերջինի դեպքում արդեն կարող են եւ, ըստ ամենայնի, կլինեն այլ մոտեցումներ նաեւ Ղարաբաղի հարցում, մանավանդ որ խոսքը առավել գլոբալ՝ եվրասիական խաղի մասին է, որում շատ կարեւոր դերակատարություն կարող է ունենալ նաեւ Իրանը:
Մյուս կողմից էլ երեկ Սանկտ Պետերբուրգում, փաստորեն, արձանագրվեց ռուս-թուրքական հարաբերությունների վերամերձեցումը, որը եւս իր կարեւոր անդրադարձն է ունենալու ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ առաջիկա զարգացումների վրա:
Արդեն իսկ եվրասիականության կնքահայրերից Ալեքսանդր Դուգինի եւ այլ ռուս քաղաքագետների կողմից ընդգծվում է, որ այս երկուստեք ընթացող պրոցեսներում առանձնահատուկ դերակատարություն է ստանձնում Ադրբեջանը, ով դառնում է ուղղակի անփոխարինելի խաղացող թե՛ Իրանի, թե՛ Թուրքիայի հետ ունեցած իր քաղաքակրթական կապերով, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի հետ օրեցօր խորացող ռազմավարական գործընկերությամբ:
Եվ, ըստ էության, հենց Ադրբեջանին է վերապահվում կապող օղակի դերը նոր՝ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա-Իրան բեւեռի ձեւավորման հարցում. մի բան, որը հանդիսանում է Ռուսաստանի հեռահար եւ գլոբալ ռազմավարական նախագիծը: Եվ ինքնին հասկանալի է, որ այս իրավիճակում ՀՀ ԼՂՀ շահերի պաշտպանությամբ դառնում է այս առանցքի գերտերությունների կոկորդին կանգնած ոսկոր, որը հեռացնելու ուղղությամբ քայլերը կարող են լինել շատ ավելի շուտ եւ շատ ավելի ցավոտ:
Համենայն դեպս, այսօր Մոսկվայում կայանալիք Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպումը որեւէ լավ բան չի կարող խոստանալ մեզ՝ անկախ այն բանից, թե ինչքան եւ ինչպիսի ջանքեր կփորձի գործադրել Սերժ Սարգսյանը:
Ի վերջո, նա ամբողջ 8 տարի սեփական աթոռը պահելու դիմաց զբաղված է եղել կամակատարությամբ, եւ այս փուլում նրա ընդդիմանալը որեւէ կերպ ընկալելի չի լինելու Պուտինի համար: Ազատագրված տարածքների հանձնմանն ուղղված ճնշումներին դիմագրավելու միակ ճանապարհը Ս. Սարգսյանի հեռացումն է: