Հարց քաղաքացիներից` ի՞նչ է հարկավոր անվանափոխության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ փոխել անունս: Ի՞նչ է հարկավոր դրա համար: Արդյո՞ք որեւէ մուծում պետք է կատարեմ, թե՞ դա անվճար է:

Բուրաստան Հովակիմյան (23 տարեկան, դիզայներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. 16 տ. բարձր անձանց անվան, հայրանվան եւ ազգանվան փոխման գրանցում կատարել թույլատրվում է հետեւյալ հարգելի պատճառների առկայության դեպքում՝

• անվան, ազգանվան անբարեհնչունության,

• անվան, ազգանվան արտասանության դժվարության,

• ամուսնու ցանկության՝ մյուս ամուսնու հետ միասին մեկ ընդհանուր ազգանուն կրելու,

• մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության,

• երեխաների հետ միասին ընդհանուր ազգանուն կրելու ցանկության, եթե ամուսինը մահացել է, իսկ դիմողը եղել է մինչամուսնական ազգանունով,

• դիմողի՝ փաստորեն դաստիարակող անձի անունով հայրանուն եւ ազգանուն կրելու ցանկության,

• դիմողի ազգությանը համապատասխան ազգանուն եւ անուն կրելու ցանկության,

• դիմողի տոհմական ազգանունը կրելու ցանկության,

• եթե անձը փաստացի կրում է իր ծննդյան գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն:

Մյուս դեպքերում անվան փոխում թույլատրվում է միայն բացառության կարգով՝ յուրաքանչյուր դեպքում հաշվի առնելով քաղաքացու խնդրանքը հիմնավորող փաստաթղթերը: Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ մարմինը քննության է առնում դիմում տալու օրվանից երկամսյա ժամկետում:

ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարգելի պատճառների առկայության դեպքում դիմումի քննարկման ժամկետը ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը մեկ ամսով, իսկ ՀՀ ԱՆ-ն` առավելագույնը 2 ամսով:

Անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար գանձվում է պետտուրք՝ 5000 դրամ: Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ ՀՀ ԱՆ անվան, հայրանվան, ազգանվան փոխման վերաբերյալ եզրակացությունը, ապա կառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար հետեւյալ դրույքաչափերով՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ 50 000 դրամ, 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ 30 000 դրամ, 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ 20 000 դրամ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անհնարին ոչինչ չկա, ինչպես ասում են՝ փողին մուննաթ:




Լրահոս