ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությունը մեկնաբանել է Հայաստանի մասին՝ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունը՝ արված օգոստոսի 1-ին Life-ի հարցազրույցում, գրում է Novostink.ru-ն:
«Հարգելի՛ գործընկերներ, ինչպես հայտնի է դարձել, Հայաստանում մեծ արձագանքի արժանացավ Վլադիմիր Վոլֆովիչի հարցազրույցը: Մասնավորապես, նրա արձագանքը՝ Հայաստանում ոստիկանական բաժանմունքի գրավման մասին: Ցանկանում ենք հայտարարել, որ Վ.Վ.Ժիրինովսկու խոսքերը սխալ են մեկնաբանվել և դուրս են մնացել համատեքստից: «Թքած» բառը չի վերաբերել Հայաստանին կամ հայ ժողովրդին, այլ իրավիճակին, որն անմիջականորեն կապ ունի այդ կոնֆլիկտի հետ: Խնդրում ենք դա թյուրիմացություն համարել, որն առաջացել է համատեքստի խեղաթյուրման արդյունքում»,-ասված է կուսակցության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: