Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, գոյություն ունի ծրագիր, և Ռուսաստանն իրականացնում է իր պարտավորությունները, իսկ ժամանակակից աշխարհում ցանկացած երկիր կարող է ցանկացած զենք ձեռք բերել: Այս մասին այսօր Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ինչ վերաբերում է զինմանը, ապա մեզ մոտ գոյություն ունի ծրագիր, որպես ՀԱՊԿ անդամ, որպես մեր դաշնակից` Հայաստանի հետ աշխատանքի ծրագիր: Մենք որոշակի փոխադարձ պարտավորություններ ունենք, և Ռուսաստանը մշտապես կատարում է իր պարտավորությունները»,-ասել է Պուտինը:
«Ժամանակակից շուկայում ցանկացած երկիր կարող է ցանկացած զենք ձեռք բերել: Եվ, օրինակ, Ադրբեջանի նման երկիրը, որը նավթ արդյունահանող, մոտ 10 միլիոն բնակչություն ունեցող և արագ զարգացող տնտեսություն ունեցող երկիր է, ի վիճակի է զենք գնել որտեղից ցանկանում է»,- հավելել է նա:
Ընդ որում, Պուտինն ընդգծել է, որ չի ցանկանում շեշտը դնել ռազմական ոլորտի վրա: «Եթե մենք ցանկանում ենք լուծել խնդիրը, ապա պետք է լուծենք խաղաղ ճանապարհով»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: