Օգոստոսի 8-ին եւ 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ունեցած բազմակողմ հանդիպումները Իրանի, Ադրբեջանի, ապա Թուրքիայի նախագահների հետ երեկ եզրափակվեցին Սերժ Սարգսյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպմամբ: Ընդ որում, ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրությունում, այդ հանդիպումը կայացավ հայկական կողմի նախաձեռնությամբ: Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը խնդրել էր իրեն էլ իրազեկել Հայաստանի շուրջ ընթացող ինտենսիվ զարգացումների մասին, առավել եւս, որ դրանց առանցքում հենց հայկական շահերին վերաբերող հարցեր կային:
Մի կողմ թողնելով այն ծեծված հռետորաբանությունը, որ Սերժ Սարգսյանը «կանչվել էր» Մոսկվա, որ դա վասալային պահվածք է եւ այլն, արձանագրենք, որ նա բավականին կարեւոր շեշտադրումներ կատարեց իր ելույթում:
Նախ՝ Ս. Սարգսյանը հստակ արձանագրեց, որ հայկական կողմի դիրքորոշումը փոփոխություն չի կրել առնվազն վերջին երկու տարիների ընթացում. «Դեռեւս երկու տարի առաջ Սոչիում մենք մանրամասն քննարկել ենք այս բարդ խնդրի լուծման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները»,- ընդգծեց Սարգսյանը՝ այդպիսով տալով պատասխանն այն բոլոր պնդումների, թե անցած մեկ տարվա ընթացքում եւ հատկապես ապրիլյան պատերազմից հետո ազատագրված տարածքների հանձնման «լավրովյան պլանը» հավանության է արժանացել ՀՀ իշխանության կողմից:
Հիշեցնենք, որ տխրահռչակ «լավրովյան պլանի» մասին խոսակցությունները սկսեցին 2015թ. սեպտեմբերին ՌԴ ԱԳՆ ղեկավարի՝ Բաքու կատարած այցից հետո, երբ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հայտարարեց Ռուսաստանի կողմից իրենց արված «ընդունելի առաջարկների» մասին: Իսկ Սարգսյանի նշած Սոչիի հանդիպումը կայացել է 2014թ. օգոստոսին՝ հուլիսյան սահմանային լարվածությունից անմիջապես հետո, երբ նախապատերազմական վիճակում հայտնված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին Պուտինը հրավիրեց Սոչի՝ հասնելով լարվածության նվազմանը:
Հաջորդ կարեւոր շեշտադրումն այն էր, որ Սարգսյանը ընդգծեց. Ռուսաստանն իր ծրագրերի մասին՝ կապված թե՛ Թուրքիայի, թե՛ Իրանի հետ, իրազեկում է իր ռազմավարական դաշնակցին. «Հայաստանում ուշադիր հետեւում էին վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի նախագահի ինտենսիվ արտաքին քաղաքական շփումներին, ինչը լիովին հասկանալի է՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը, Իրանը եւ Թուրքիան Հայաստանի սահմանակից պետություններ են:
Ես շնորհակալ եմ Ռուսաստանի նախագահին այդ հանդիպումների ընթացքի մասին մանրամասն տեղեկատվության համար եւ համոզված եմ, որ Հայաստանը միայն շահում է մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերի ակտիվացումից»,- նշեց նա: Անշուշտ, Սարգսյանի այս հայտարարությունն ամենեւին չի նշանակում, որ դա իրականում այդպես է, սական, այնուհանդերձ, դա կարեւոր արձանագրում էր մեր ոխերիմ հարեւանների համար: