Բրազիլիայում Սերժ Սարգսյանը խոսել է ԼՂՀ հարցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Բրազիլիայում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 12-ին, ժամանել է երկրի մայրաքաղաք Բրազիլիա, հայտնում են ՀՀ նախագահական նստավայրի մամլո ծառայությունից:

Փոխանցվում է, որ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Սարգսյանի  հանդիպումը Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահի պաշտոնակատար Միշել Տեմերի հետ:

Սերժ Սարգսյանը, ըստ հաղորդագրության, հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել Միշել Տեմերին` Օլիմպիական խաղերը Բրազիլիայում հյուրընկալելու կապակցությամբ:

Նշվում է, որ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել հայ օլիմպիականների անունից` մարզիկների համար Ռիո դե Ժանեյրոյում ստեղծված անհրաժեշտ բոլոր պայմանների և հոգատար վերաբերմունքի համար: «Օլիմպիական խաղերը, ՀՀ Նախագահի համոզմամբ, բացի սպորտային մեծ տոն լինելուց, նաև խաղաղության ուղերձ են հղում ամբողջ աշխարհին»,- ասվում է հաղորդագրությունում:

Փոխանցվում է, որ այդ համատեքստում  Սարգսյանը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման կարևորության մասին և ընդգծել, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Բրազիլիայի հավասարակշռված ու անկողմնակալ դիրքորոշմանը:

Նշվում է, որ հանդիպմանը երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստանի և Բրազիլիայի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության և հարաբերությունների հետագա ամրապնդման ու խորացման հնարավորությունների շուրջ: Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի և Բրազիլիայի միջև ձևավորվել են հարգանքի և փոխադարձ վստահության վրա հիմնված ամուր բարեկամական կապեր: «Սերժ Սարգսյանը կարևորել է աշխարհում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով առաջատար և ծանրակշիռ երկրներից մեկի` Բրազիլիայի հետ բազմաբնույթ կապերի զարգացումը և հույս հայտնել, որ իր այցը խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման համար՝ ուրվագծելով ապագա համագործակցության նոր ուղղություններ»,- ասվում է հաղորդագրությունում:

Սարգսյանը, ըստ այդմ, փոխգործակցության զարգացման տեսանկյունից կարևորել է Հայաստանի և Բրազիլիայի միջև բարձր մակարդակի փոխայցելությունները, ինչպես նաև պարբերաբար անցկացվող խորհրդատվություններն ու շփումները երկկողմ, բազմակողմ ձևաչափերում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Սերժ Սարգսյանը, համաձայն հաղորդագրության, բարձր է գնահատել անցյալ տարի Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Սարգսյանի համոզմամբ, փոխանցում են մամլո ծառայությունից, Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթը լավագույնս բնութագրում է Բրազիլիայի ժողովրդին, նրա արժեքային համակարգը և բարոյական մղումները:

Հաղորդվում է, որ հանդիպմանը երկուստեք կարևորվել է նաև միջխորհրդարանական կապերի զարգացումը` մեծ դեր վերապահելով պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությանը երկու երկրների խորհրդարաններում:

Նշվում է, որ հայ-բրազիլական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրվել են երկրների միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթեր:

Մասնավորապես ստորագրվել են` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության գյուղատնտեսության, անասնաբուծության և մատակարարման նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության միջև քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր, «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ռիո Բրանկո ինստիտուտի միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր:

Սերժ Սարգսյանը, ըստ հաղորդագրության, աշխատանքային այցի շրջանակներում նույն օրը՝ Երևանի ժամանակով ուշ երեկոյան, մայրաքաղաք Բրազիլիայում ներկա կգտնվի նաև Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը:




Լրահոս