Օգոստոսի 10-ին Մոսկվայում կայացած Պուտին-Սարգսյան հանդիպումն իր մեջ ուներ առնվազն մեկ շատ կարեւոր բացասական նյուանս, որը, սակայն, կարծես թե ուշադրությունից դուրս մնաց: Բանն այն է, որ դեռեւս մինչ «Սասնա ծռերի» հայտնի գրոհը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարել էր, որ քննարկվում է օգոստոսին Վլադիմիր Պուտինի հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում կազմակերպելու հարցը, եւ այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում: Օգոստոսին, սակայն, նման հանդիպում չկայացավ: Փոխարենը Պուտինը նախ Բաքվում հանդիպեց Ալիեւի հետ, ապա 2 օր անց Մոսկվայում ընդունեց Ս. Սարգսյանին: Եւ 2 դեպում էլ Պուտինն առաջ քաշեց նոր բանաձեւ, այն է՝ հաղթող եւ պարտվող կողմեր չպետք է լինեն:
Նկատենք, որ այդ բանաձեւը գոնե մինչեւ ապրիլը հաղթող կողմ հանդիսացող ՀՀ-ի նախագահը անմիջապես երկրորդեց Պուտինի հետ համատեղ ասուլիսում՝ այդպիսով, ըստ էության, եւս մեկ անգամ հաստատելով զիջումների գնալու իր պատրաստակամությունը: Ուշագրավ է, սակայն, որ ո՛չ Պուտին-Սարգսյան համատեղ ասուլիսի, ո՛չ էլ դրան հաջորդող օրերի ընթացում այդպես էլ չհնչեց Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների նոր հանդիպման մասին որեւէ հայտարարություն, մի բան, որն առնվազն ապրիլից հետո թե՛ Վիեննայում, թե՛ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ընթացքում անմիջապես նախանշվում էր: Հետեւաբար կարելի է եզրակացնել, որ ի հակառակ հրապարակային հավաստիացնումների՝ կողմերի միջեւ ձեռք չի բերվել ըմբռնում՝ բավարար նոր հանդիպում կազմակերպելու համար: Իսկ դա արդեն հղի է նոր պատերազմի հավանականությամբ: Հատկապես այս օրերին տարբեր խողովակներից հասնող տեղեկատվության ֆոնին, որ միջնորդ երկրները, առավելապես Ռուսաստանը, այս փուլում որոշել են խնդրի լուծումը թողնել կողմերի վրա՝ ասելով, եթե մեր առաջարկած որեւէ տարբերակի հավանություն չի տրվում, եթե դիվանագիտական ջանքերը ամեն կերպ հայտնվում են փակուղում, ապա այդ դեպքում իրավիճակի միակ լուծումը մնում է ուժային տարբերակը՝ պատերազմի միջոցով:
Ու, թերեւս, պատահական չպետք է համարել այս օրերին հրապարակային քննարկումներում հնչեցվող հայտարարությունները, թե պատերազմն ամեն դեպքում անխուսափելի է, ուստի ավելի լավ է պատերազմել այսօր՝ կռվելով ոչ միայն ԼՂԻՄ-ի, այլեւ ԼՂՀ ողջ տարածքի, այդ թվում եւ ազատագրված շրջանների համար, քան թեկուզ մեկ մետր հանձնելով՝ մի կարճ փուլ ապրել խաղաղության պատրանքի մեջ, ապա կանգնել գոյութենական վտանգի առաջ՝ պատերազմելով այլեւս ոչ միայն բուն Արցախի, այլեւ Հայաստանի լինելության համար: Եւ ուրեմն հարկ է, որ հրապարակային դիսկուրսն այլեւս ընթանա ոչ թե հանձնել-չհանձնելու, դավաճանների-հայրենասերների հակադրության, այլ մեզ սպառնացող արհավիրքին դիմակայելու ռեսուրսների մեկտեղման շուրջ: