Անվերջ առանց փաստերի հողեր հանձնելու մասին խոսողներն ի՞նչ խնդիր են լուծում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հողերը հանձնելու» մասին հայտարարությունները, թերեւս, նույնքան հին են, որքան ինքնին ղարաբաղյան բանակցային գործընթացը: Այդ մասին քաղաքական ուժերը խոսել են եւ իշխանություններին «դավաճան» հայտարարել թե՛ 90-ականներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, թե՛ դրանից հետո՝ Ռոբերտ Քոչարանի պաշտոնավարման շրջանում: Ընդ որում, վերջինի դեպքում այդ մեղադրանքները հնչում էին նաեւ Հոկտեմբերի 27-ի համատեքստում՝ կապված Մեղրին հանձնելու «Գոբլի պլանի» իրագործման հետ: Ասվում էր, թե իբր Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը դեմ են եղել այդ ծրագրին, իսկ Քոչարյանը՝ կողմ, արդյունքում էլ կազմակերպվեց խորհրդարանական սպանդը, որպեսզի ծրագրի իրագործմանը խոչընդոտողները վերացվեն: Եւ ի՞նչ: Արդյո՞ք այդ պլանը իրագործվեց:

Ո՛չ: Եւ հենց դա է նման պնդումների միակ հավատարժան եւ էական պատասխանը:
Վերջին 8 տարիներին՝ Ս. Սարգսյանի պաշտոնավարման շրջանում, «հողերը հանձնելու» շուրջ խոսակցությունների պակաս եւս չկա: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո, երբ հայկական կողմը կորցրեց 800 հա տարածք, երբ մեր զինված ուժերի գործողությունների հետ կապված տարբեր անհասկանալի պահեր եղան՝ չհարձակվելու, չկասեցնելու, այլ սպասելու ինչ-որ բանի… Եւ, որ ուշագրավ էր, Ս. Սարգսյանը խոստովանեց, որ 2011-ին պատրաստ է եղել ստորագրել Կազանյան հռչակագիրը, որի առաջին կետով 5 շրջանները պետք է հանձնվեին Ադրբեջանին:
Հուլիսին եղավ «Սասնա ծռերի» ընդվզումը, որը խորքում ունենալով հենց ազատագրված տարածքների խնդիրը, այնուհանդերձ, այդպես էլ այդ հարցը չդարձրեց իր առաջնային պահանջը, ինչը եւս խիստ ուշագրավ է: Օգոստոսի 1-ի իր ելույթում Ս. Սարգսյանը հայտարարեց, որ միակողմանի զիջումները բացառվում են, եւ որ ինքը պատրաստ է զոհել ցանկացած պաշտոն, անգամ կյանքը՝ հանուն ժողովրդի համար ընդունելի որոշման իրագործման:

Այս հայտարարությունը, սակայն, որեւէ կերպ չփոխեց այն քաղաքագետների եւ փորձագետների դիրքորոշումը, որոնք վստահ են՝ կարճ առաջիկայում Սերժ Սարգսյանը պատրաստվում է տարածքները հանձնել: Եվ հիմա, օրուգիշեր քաղաքագետների այդ խումբը ահազանգում է՝ տարածքները հանձնվելու են, եւ դա լինելու է ՀՀ-ի վերջը: Չկասկածելով այդ մարդկանց մտահոգությունների ազնվությանը, այնուհանդերձ, նկատենք, որ մի կողմից տագնապի զանգը հնչեցնելով, մյուս կողմից էլ նրանք, այնուհանդերձ, հանրության մեջ ավելացնում են դատապարտվածության զգացողությունը: Եթե, օրինակ, Ավետիք Իշխանյանն ասում է, որ հավաստի տեղեկություններ ունի, որ բոլոր ինստիտուտներին հրահանգվել է նախապատրաստել «հանձնման գործընթացը», նա ուղղակի պարտավոր է նշել, թե ով, երբ եւ ում է տվել նման հրահանգ,այլապես դա նման է «դավաճանության մասին իմանալ-չհայտնելուն», ինչն, ի դեպ, նույնպես քրեորեն պատժելի արարք է: Իսկ երբ հարգարժան իրավապաշտպանը լռում է, արդեն, ներողություն, այդ ամենից շահարկման հոտ է գալիս:




Լրահոս