ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդես է եկել շարժական կապի բաժանորդներին հասարակական վայրերում Wi-Fi ինտերնետ կապի հասանելիությամբ ապահովելու հերթական նախաձեռնությամբ:
Փորձնական ծրագրի առաջին փուլն ընդգրկում է Երևանի ամենամարդաշատ վայրերից մեկը՝ Վ. Սարգսյան փողոցին հարակից տարածքները՝ Հանրապետության հրապարակից մինչև Ս. Շահումյանի հրապարակ:
Անվճար Wi-Fi ինտերնետից առանց հավելավճարների կկարողանան օգտվել ոչ միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի, այլև շարժական կապի հայաստանյան այլ օպերատորների բաժանորդները:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կունենան անսահմանափակ ինտերնետի լիարժեք հասանելիություն, պարզապես ուղարկելով *252# USSD հրահանգը՝ դեպի համակարգ մուտքի PIN-կոդը ստանալու համար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ տվյալների փոխանցման ծառայություններից օգտվող բաժանորդները կստանան մինչև 5 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ, իսկ տվյալների փոխանցման ծառայություններից չօգտվող բաժանորդները՝ 512 Կբիթ/վրկ արագությամբ ինտերնետ, ինչը միանգամայն բավարար արագություն է շարժական կապից հարմարավետ օգտվելու համար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդ չհանդիսացող անձանց համար ինտերնետ հասանելիությունը կսահմանափակվի վեբ-կայքեր դիտելու հնարավորությամբ, իսկ նախքան ինտերնետին միանալը նրանց կցուցադրվի կարճ հոլովակ կամ գովազդային բաներ (banner):
«Անվճար Wi-Fi կապի հասանելիությունն ունի մի շարք առավելություններ: Նրանք, ովքեր օգտվում են ինտերնետից հանգստի, ժամանցի կամ բիզնես նպատակներով, անշուշտ, կգնահատեն անվճար ինտերնետ ունենալու այս հնարավորությունը: Ծրագիրը նախատեսված է նաև Երևան այցելողների համար, ովքեր մայրաքաղաքի մշակութային կենտրոնով զբոսնելիս կկարողանան օգտվել անվճար անսահմանափակ ինտերնետից: Հանրապետության հրապարակին հարակից տարածքներում անվճար Wi-Fi գոտու ստեղծումը տրամաբանական շարունակությունն է մինչ այժմ իրականացված նախագծերի, որոնց շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ը ինտերնետ հասանելիություն է ապահովել Երևանի մի շարք թանգարաններում և գրադարաններում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ…Դու գիտես, որ կարող ես: