Ինչպես գիտենք՝ 2014 թվականին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հրապարակել էր սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ շուրջ 11 անձի գործով դատավճիռը: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ այս գործով գրեթե բոլոր դատապարտվածները ազատ են արձակվել, իսկ երկու հոգու ճակատագիրը դեռեւս անհայտ է :
Հիշեցնենք, որ սոցիալական ապահովության վարչության աշխատակիցները մեղադրվում էին պաշտոնական դիրքը չարաշահելու եւ յուրացումներ կատարելու մեջ: Պետությանը հասցված վնասի չափը կազմում էր 267 մլն 583 հազար 336 ՀՀ դրամ:
Վազգեն Խաչիկյանը դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման, բացի այդ, բռնագրավվել էր նրա գույքը` մոտ 261 միլիոն դրամի չափով:
Մյուս ամբաստանյալներ Աշոտ Աբրահամյանը, Հովհաննես Գրիգորյանը, Վիգեն Գեւորգյանը, Վահագն Խաչատրյանը դատապարտվել էին 5,5-ական տարվա ազատազրկման՝ դարձյալ նույնքան գույքի բռնագրավմամբ:
Ամբաստանյալների մի մասն էլ դատապարտվել է 4-4,5 տարվա ազատազրկման, սակայն դատարանը որոշել էր նրանց նկատմամբ ազատազրկումը պայմանական չկիրառել՝ 1 տարի փորձաշրջան նշանակելով:
Եւ, ահա, «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ այս գործով ազատազրկման դատապարտված անձանցից գրեթե մեծ մասը ազատության մեջ են, եւ այսօր միայն ազատազրկման մեջ են գտնվում սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը եւ եւս մեկ անձ: Նշենք, որ ազատազրկման դատապարտված Վազգեն Խաչիկյանի պատժի կրմանը մնացել է 8 տարի, իսկ գործով մյուս դատապարտյալներ Աշոտ Աբրահամյանին, Հովհաննես Գրիգորյանին, Վիգեն Գեւորգյանին, Վահագն Խաչատրյանին պատժի կրմանը մնացել է 1 տարի, ուստի չի բացառվում, որ վերոնշյալ անձանց պայմանական վաղաժամկետ են ազատ արձակել:
Մեր այս տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական բաժնից, ինչին ի պատասխան՝ հայտնեցին, որ ընդամենը մեկ անձ է ազատ արձակվել, որի պատժի կրման ժամկետը լրացել էր, իսկ մյուս անձինք շարունակում են կրել իրենց պատիժը: Մինչդեռ մեր աղբյուրները պնդում են, որ բացի 2-ից՝ եւս երկու անձ ազատ է արձակվել:
Քնար Մանուկյան