Ռեկտորը գրագողությա՞մբ է զբաղվել. թեժ քննարկումները չեն դադարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի անվան շուրջ ծավալված թեժ քննարկումները չեն դադարում: Բանն այն է, որ ռեկտորի «Երկարակյաց շենքերի եւ կառույցների շինարարության հիմնախնդիրները» թեմայով դոկտորական ատենախոսությունում կա ավելի քան 40 գրագողություն դրվագ:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Buh.am էլեկտրոնային կայքէջի գործունեությունը համակարգող խորհրդի նախագահի որոշմամբ ստեղծված հանձնախումբն ուսումնասիրել է ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի «Երկարակյաց շենքերի եւ կառույցների շինարարության հիմնախնդիրներ» թեմայով դոկտորական ատենախոսությունը: Աշխատանքը գրված է ռուսերեն: Ապա նշյալ կայքէջում տեղադրվել է մի տեղեկություն, ըստ որի՝ ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության մեջ գրագողության 41 դրվագ կա:

Ըստ buh.am-ի՝ այստեղ ակտիվ հղումով դրված են բոլոր այն հատվածները, որոնք այլազգի հեղինակների աշխատություններից առանց հղումի օգտագործվել են ռեկտորի գիտական աշխատանքի մեջ: Նշենք, որ այն պաշտպանվել է 2011 թվականին թիվ 030- «Շինարարություն» մասնագիտական խորհրդում, ինչի արդյունքում Գագիկ Գալստյանին շնորհվել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Ի դեպ, Buh.am էլեկտրոնային կայքէջի գործունեությունը համակարգող խորհրդի նախագահի կողմից ստեղծվել է երկրորդ հանձնախումբը, որը Հայաստանի ազգային գրադարանում արձանագրված գրագողության դրվագները համեմատել է Գագիկ Գալստյանի ատենախոսության բնագրի հետ եւ հաստատել, որ հայտնաբերվածը համապատասխանում է իրականությանը:

Սակայն այս ամենի արդյունքում Գ. Գալստյանը շարունակում է վայելել կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հովանավորչությունը: Ավելին՝ ռեկտորին գրագողության մեջ մեղադրելու մասին տեղեկություններից հետո նախարարը հանդես եկավ կոչով եւ հայտարարեց, որ «չի կարելի մարդուն դնել այնպիսի վիճակի մեջ, որ ստիպված լինի պաշտպանվել, դա տրամաբանորեն վատ վիճակ է ստեղծում գիտության համար»: «Կոչ եմ անում նրանց, որոնք իրենց կոչում են մտավորականներ, անձնական խնդիրների համար գոնե այդ մակարդակի չիջնել»,- հայտարարել է նախարարը:
Նույն ինքը՝ Գագիկ Գալստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կտրականապես հերքեց տեղեկությունը, որ վայելում է նախարարի հովանավորչությունը: «Այդ զրույցները ինձ երբեք չեն անհանգստացրել: Այդ հայտարարությունը տարածողները մեղանչել են: Խնդրում եմ՝ նման թեմայի շուրջ ինձ հարցեր մի՛ տվեք: Իմաստ չեմ տեսնում եւ չեմ ցանկանում այդ թեմայի շուրջ վերլուծություն անել, նույնիսկ պետական մարմինները չեն անդրադարձել դրան: Ես նման հիմարություններով չեմ զբաղվում: Դուք սխալ ուղու վրա եք: Պարապ մարդիկ են, սխալ բաներով են զբաղվում»,- պաշտպանվեց գրագողության մեջ մեղադրվող ռեկտորը:
Եւ չնայած սրան՝ «Ժողովուրդ»-ը կներկայացնի երկու օրինակ (օրինակները բազմաթիվ են), որոնք, ըստ buh.am-ի՝ ապացուցում են ռեկտորի գրագողությունը:
Օրինակ 1. Ատենախոսության 148-րդ էջում, երկրորդ պարբերության 7-րդ տողում, առանց հղման, շարադրված է (բերվում է բնօրինակով). «Занимая промежуточное положение между тяжелыми и легкими бетонами, бетоны на смешанных заполнителях мало отличаются от первых прочности на сжатие и одновременно обладают положительными качествами вторых- высокой трещиностойкостью, выносливостью и долговечностью». սա գիտական ուսումնասիրության արդյունք է:
Բացում ենք 2002 թվականին Ուֆա քաղաքում հրատարակված Վ.Վ. Բաբկովի եւ գործընկերների մենագրության (Бабков В.В., Мохов В.Н., Капитонов С.М., Комохов Л.Г. Структурообразование и разрушение цементных бетонов.- Уфа: ГУП “Уфимский полиграфкомбинат”, 2002 г.-376 с.) 29-րդ էջը եւ երրորդ պարբերության երրորդ տողից կարդում. «Занимая промежуточное положение между тяжелыми и легкими бетонами бетоны на смешанных заполнителях мало отличаются от первых прочности на сжатие и одновременно обладают положительными качествами вторых- трещиностойкостью и прочностью на растяжение, выносливостью и долговечностью». տառացի արտագրություն է, որտեղ ավելացված է ընդամենը «и прочностью на растяжение» բառերը:

Օրինակ 2. Ատենախոսության 230-րդ էջում, երկրորդ պարբերության երկրորդ 15-րդ տողում, առանց հղման, շարադրված է (բերվում է բնօրինակով). «Так, бетонная смесь избыточного водосодержания без химических добавок при транспортировке в автобетоносмесителях полносьтю теряет подвижность уже через 40 мин при В/Ц=0,83 и через 60 мин. При этом из смесей испаряется 30…35% воды затворения». սա գիտական հետազոտության եզրակացություն է:
Բացում ենք Մոսվայում 1980 թվականին հրատարակված գրքի (Технология монолитного бетона и железобетона Евдокимов Н.И., Мацкевич А.Ф., Сытник В.С. Высшая школа. Москва, 1980) 236-րդ էջի հինգերորդ պարբերությունը եւ կարդում. «Например при температуруе 30…35 оС смесь с В/Ц=0,83 полностью теряет подвижность уже через 60 мин. При этом из смесей испаряется 30…35% воды затворения».

Ի դեպ, ըստ Buh.am էլեկտրոնային կայքէջի գործունեությունը համակարգող խորհրդի՝ արտագրված է նաեւ ատենախոսության եզրակացությունների առաջին կետի հիմնական մասը:
Այսքանից հետո դժվար է ասել՝ ռեկտորը հրաժարական կտա՞, թե՞ ոչ: Այս պահի դրությամբ ակնհայտ է, որ ոչ: Բայց արժի հիշել, որ 2 տարի առաջ Ռուսաստանում ՌԴ կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Լիվանովը աշխատանքից հեռացրել էր Ռուսական պետական սոցիալական համալսարանի ռեկտոր Լիդիա Ֆեդյակինային: Ու պատճառն այն էր եղել, որ նա դոկտորական թեզ գրելիս գրագողությամբ էր զբաղվել: Հայաստանում կասկածելի է՝ կրթության եւ գիտության նախարարությունը այս քայլին կգնա՞, թե՞ ոչ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս