Հատկապես այն բանից հետո, երբ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ սա ՌԴ-ից ապագաղութացման պայքար է, Հայաստանի արեւմտամետ շրջանակները վերաթարմացված ավյունով սկսեցին լուտանքների նոր հեղեղ թափել Ռուսաստանի վրա: Ինչ խոսք, այն, որ Ռուսաստանի հետ մեր ապագան, մեղմ ասած, մռայլ է լինելու, այսօր ակնհայտ է բոլորի, անգամ հաստիքավոր ռուսաֆիլների համար, որոնց դրամաշնորհային ներհոսքերը, ի դեպ, վերջերս կտրուկ նվազել են:
Սակայն ՌԴ-ից ակնկալիքներ մեր հասարակության ակտիվ հատվածը վաղուց արդեն չունի, եւ այս առումով վերջին իրադարձությունների հետ կապված պաշտոնական Մոսկվայի արձագանքն ու հորդորները սպասելի էին: Իսկ, ահա, նույն արեւմտյան ազդակները բավականին հակասական էին, իսկ որոշ դեպքերում՝ ուղղակի զարմանալի:
Նախ՝ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ դեսպանը բարձր է գնահատել հայրենի ոստիկանության գործողությունները հուլիսյան իրադարձությունների ընթացքում:
Եւ եթե մինչեւ երեկ արեւմտյան գրանտակերները փորձում էին հանրությանը համոզել, որ այդ մասին ասել է ՀՀ ոստիկանությունը, այլ ոչ թե ԵԱՀԿ-ն, ապա երեկ այդ փաստարկն էլ ի չիք դարձավ, քանի որ հենց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն իր պաշտոնական հաղորդագրության մեջ վերահաստատեց, որ գրասենյակի ղեկավար, դեսպան Ավակովը բարձր է գնահատել բանակցող ոստիկանների արհեստավարժությունը, որոնք կանխել են արյունահեղությունը:
Ընդ որում, այդ հաղորդագրության մեջ առավել տարակուսելի էր այն, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, փաստորեն, ողջունել է ՀՀ ոստիկանության նախաձեռնությունը՝ կլոր սեղաններ հրավիրել ոստիկանության եւ ԶԼՄ-ների միջեւ: Փոխանակ կոնկրետ հարցեր բարձրացնելու եւ ողջունելու լրատվամիջոցների միասնական բողոքի ակցիան եւ պահանջը՝ հստակ պատասխանատվության ենթարկել լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին, ԵԱՀԿ գրասենյակը, փաստորեն, ձեւացնում է, թե ոչինչ չի եղել, եւ նորից նույն «լոլոներն է կարդում» քաղհասարակության կողմից վերահսկողության, մոնիթորինգի եւ այլնի մասին:
Իհարկե, այս դեպքում էլ արեւմտյան գրանտակերներն արդարացում գտնում են՝ ասելով, թե Ավակովը Ռուսաստանից է, դրա համար էլ, իբր, «ռուսավարի» է մտածում: Հետաքրքիր է, թե ինչ կասեն նրանք վաղը՝ կապված ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի կողմից նոր ընտրական օրենսգրքի շուրջ հիացական եզրակացության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ դրանում ամրագրված է, որ այդ կառույցների՝ ավելի վաղ արված առաջարկությունների զգալի մասն ընդունված է, եւ որ նոր ԸՕ-ն «ստացել է նշանակալի մեծամասնության աջակցությունը, ինչին հաջորդել է իշխանական եւ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ լայն քաղաքական համաձայնությունը»: Այսքանից հետո ինչը պիտի խանգարի կամ զսպի ՀՀԿ-ին՝ առաջիկայում նույն ոգով շարունակելու եւ ԸՕ փոփոխությունները տապալելու հարցում: