Օրերս հանրության շրջանում բողոքի ալիք բարձրացավ Հայաստանի պատմության թանգարանի շենքի կամարների ներքո առեւտրի եւ սպասարկման կետի` կրպակի բացման առնչությամբ: Ի պատասխան դժգոհությունների` Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչությունից տեղեկացրին, որ նշված տարածքը պատկանում է Հայաստանի ազգային պատկերասրահին, եւ տվյալ առեւտրային գործունեությունը իրականացվում է վերջիններիս թույլտվությամբ:
Այս պատճառաբանությունը քաղաքացիների մի ստվար զանգվածի ոչ մի կերպ չբավարարեց: «Ժողովուրդ»-ին, սակայն, հետաքրքրեց մեկ այլ հանգամանք եւս:
Նույն թանգարանի պատին` առեւտրային կետի հարեւանությամբ, կարելի է տեսնել «Ռոսգոսստրախ»-ի գովազդային հսկա վահանակը: Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք` արդյոք այս պարագայում չի խախտվել Երեւան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) չափորոշիչներից մեկը, ըստ որի՝ գովազդ տեղադրել չի թույլատրվում թանգարաններում, պատմական եւ ճարտարապետական հուշարձանների վրա, ինչպես նաեւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի վրա եւ դրանց տարածքում:
Մեր հարցմանն ի պատասխան` աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությունից տեղեկացրին, որ Հայաստանի պատմության թանգարանի ձախակողմյան ճակատային մասում գտնվող խորշերի մեջ նախատեսված է տեղադրել միայն Հայաստանի ազգային պատկերասրահի եւ Հայաստանի պատմության թանգարանի կողմից իրականացվող ցուցահանդեսների մասին հանրությանը իրազեկող տեղեկատվություն:
Նշվում է նաեւ, որ Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշները արտերկրյա ցուցասրահներում ներկայացնելու համար ֆինանսական աջակցություն է իրականացնում «Ռոսգոսստրախ» կազմակերպությունը:
«Կազմակերպության հովանավորչական աջակցության մասին հանրությանը իրազեկելու նպատակով նախատեսված էր փոքր չափերի մեջ տրամադրել տեղեկատվություն եւ չպետք է հանդիսանար դոմինանտ կից տեղեկատվություններին: Ընդունելի չափերի արտառոց խախտման պատճառով տեղեկացվել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրինությանը տեղադրված «Ռոսգոսստրախ» գովազդային վահանակը ապամոնտաժելու անհրաժեշտության մասին»,-ասված է պատասխանում:
Աննա Բաբաջանյան