Թանգարանների գիշերը՝ պատմության թանգարանում. Ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ մայիսի 20-ին՝ ժամը 18։00-ին, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա մշտական ցուցադրության սրահների վերաբացում։

Վերաբացվելու են «Բրոնզի դար․ իրականության եւ առասպելների միջով», «Երկաթի դար», «Աստվածների թագավորությունը․ Ուրարտու/Բիայնիլի», «Ուժ եւ գեղեցկություն․ Անտիկ Հայաստան» խորագիրը կրող ցուցասրահները: Բացմանը կհաջորդի համերգային ծրագիր։

Ցուցադրության շրջանակում կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուից եզակի եւ բարձրարժեք նմուշներ, այդ թվում՝ հայ հնագիտության ամենանշանակալի գտածոներից Ք․ա․ 22-21-րդ դդ․ Քարաշամբի ցեղապետի դամբարանից գտնված արծաթե դրվագազարդ գավաթը, Ք․ա․ 15-14-րդ դդ․ թվագրվող Լճաշենի պեղումներից գտնված քառանիվ սայլը, որը ծառայել է որպես դիակառք, Արգիշտի I արքայի սաղավարտը, Էրեբունի (Երեւան) քաղաքի հիմնադրման մասին Արգիշտի I արքայի արձանագրությունը, ռիտոններ, որոնք ծառայում էին պաշտամունքային բնույթի արարողությունների ժամանակ սրբազան հեղումներ կատարելիս, ինչպես նաեւ արձանիկներ, զենքեր, զարդեր, ծիսական անոթներ, կնիքներ, դրամներ՝ գտնված Էրեբունուց, Լճաշենից, Արթիկից, Լոռի Բերդից, Քարաշամբից եւ Հայաստանի այլ հուշարձաններից։

Ցուցադրության բացումից հետո՝ ժամը 20։30-ին, տեղի կունենա «Մենք ենք, մեր բարբառները» խորագիրը կրող համերգային ծրագիր՝ «Ծովակ» ավանդական երգի-պարի խմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար` Գագիկ Գինոսյան)։ Ծրագրի ընթացքում խումբը հանդես կգա Հայաստանի տարբեր տարածաշրջաններին հատուկ երգ ու պարով:




Լրահոս