ԳԱԼՈՒ Է
Երեկ՝ Ռուսաստանի ու Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Էդվարդ Նալբանդյանի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջապես այցելելու է Հայաստան: Նշենք, որ այս այցի մասին երկար էր խոսվում, սակայն ռուսական ու հայկական կողմերը հրաժարվում էին պաշտոնապես ասել, թե երբ է գալու Պուտինը:
ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի` ԱԺ ամբիոնից հնչեցրած դիտարկմանը, թե «ոչ ոք ոնց որ թե չնկատեց` «Ա1+»-ը ոնց եթեր վերադարձավ, ոչ ոք չի ասում, որ խոսքի սահմանափակումն անցյալ է դարձել», «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանը Aravot.am-ին ասել է. «Սա թյուրիմացություն է իրենց կողմից: Դա ոչ մի կապ չունի խոսքի ազատության հետ, չի առնչվում կառավարության որեւէ որոշման եւ միջամտության: Եվ, ընդհանրապես, կառավարությունը մինչեւ այսօր էլ տեղյակ չէ այդ մասին»:
ԱԶԳԸ ՉՓՐԿՎԵՑ
«Ազգի փրկություն» կուսակցության նախագահ Սարգիս Կարապետյանը երեկ հայտարարել է կուսակցության փակման մասին: Կարապետյանի խոսքով` քանի որ 2004թ. ստեղծված կուսակցությունը չկարողացավ ազգը փրկել իրենց խանգարող իշխանությունների եւ բանսարկուների պատճառով, որոշեցին այլեւս չմնալ, քանի որ դերասան չեն, կաշառվող չեն, քծնող չեն: Հիշեցնենք, որ Սարգիս Կարապետյանը հայտնի դարձավ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ կազմակերպած սադրանքներով, որոնց արդյունքում նրա ցուցմունքներով կալանավորվեցին Սափեյան եղբայրները: Ս. Կարապետյանը ժամանակին համարվում էր Ռոբերտ Քոչարյանի «պրոյեկտներից» մեկը:
ՍԻՐՏԸ ՎԱՏԱՑԵԼ Է
«Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխված դերասան Վարդան Պետրոսյանին երեկ տեղափոխել են «Քանկոր» սիրտանոթային բժշկության կենտրոն: Դերասանի առողջական վիճակը վատացել է, սրվել են նախկինում եղած սրտաբանական խնդիրները: Վարդան Պետրոսյանը սրտի հետազոտություն է անցնում կենտրոնում, առայժմ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանքը, փոփոխված չէ: