Ծաղկահովիտում կայանալիք ընտրությունները ցույց կտան` Սերժ Սարգսյանի թիմը դասեր քաղե՞ց, թե՞ ոչ. Արայիկ Խանդոյանի քայլը բացառիկ հնարավորություն է նրան ետ կանգնելու կոչեր անող «Հիմնադիր խորհրդարանի» համար. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի առաջադրումը Ծաղկահովիտի գյուղապետի ընտրություններում բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծել:

Փաստորեն՝ մի կողմից դեմ գնալով իր գաղափարակից ընկերների՝ «Հիմնադիր խորհրդարանի» սկզբունքային դիրքորոշմանը՝ մերժել այս իշխանությունների օրոք որեւէ ընտրության մասնակցությունը, դա համարելով այս իշխանության սահմանած խաղի կանոններով խաղալու դրսեւորում, Խանդոյանն իրեն որոշակիորեն դուրս դրեց նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» սահմանած խաղի կանոններից:

Սա ինչ-որ առումով մարտահրավեր է ոչ միայն իր՝ Խանդոյանի համար, քանի որ ակնհայտ է, որ նրա առջեւ իշխանությունները հնարավոր բոլոր խոչընդոտներն ստեղծելու են, այլեւ հենց նույն «Հիմնադիր խորհրդարանի» համար: Առավել եւս, որ Արայիկ Խանդոյանը, փաստորեն, անտեսեց Ալեք Ենիգոմշյանի հրապարակային հորդորը՝ ընտրապայքարից հրաժարվելու մասին:

Երեկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը մտադիր չէ ինքնաբացարկ հայտնել՝ այդպիսով վերահաստատելով, որ իր կայացրած անձնական որոշումը վեր է դասում իր գաղափարական ընկերների հավաքական դիրքորոշումից:

Ինչեւէ: Միայնակ Գայլը, թերեւս, հենց նրա համար է այս մականունը ստացել, որ մշտապես միայնակ է կայացրել իր որոշումները, եւ սա, ամեն դեպքում, հարգանքի է արժանի: Ի վերջո, նա գերադասում է օգտվել այդ պահին իրեն հասու բոլոր գործիքներից, որոնք ի վիճակի են իշխանության համար խնդիրներ առաջացնել:

Ի վերջո, սա մարտահրավեր է «դասեր քաղելու» մասին հայտարարություններ անող ՀՀԿ ղեկավարի համար. ինչ անել՝ գնալ տոտալ ընտրակեղծիքների, ինչպես որ արվել է միշտ եւ ծաղկահովիտցիներին պարտադրել ՀՀԿ-ական գյուղապետի հաղթանակը, թե, այնուամենայնիվ, գոնե այս մեկ համայնքում թույլ տալ, որ կայանան արդար եւ ազատ ընտրություններ:

Առաջին դեպքում ոչ միայն հերթական անգամ ակնհայտ կդառնա, որ Սերժ Սարգսյանի թիմը դասեր չի քաղել, այլեւ կարող են լինել անսպասելի դրսեւորումներ՝ ծաղկահովիտցիների ընդվզման տեսքով, իսկ եթե, այնուամենայնիվ, լինի երկրորդ տարբերակը, դա կարող է ընկալվել որպես իշխանության դիրքերի թուլացում եւ կրել վարակիչ բնույթ այլ համայնքներում կայանալիք ընտրություններում:

Անկախ նրանից, թե, ի վերջո, իշխանությունները զարգացումների որ տարբերակը կընտրեն, նկատենք, որ ցանկացած դեպքում Խանդոյանի այս քայլը հենց նույն «Հիմնադիր խորհրդարանի» համար գործելու նոր դաշտ է բացում եւ քաղաքական պրոցեսների, ըստ էության, բովանդակային ակտիվացման հնարավորություն ընձեռում, անգամ եթե ընտրություններում հաղթած Արայիկ Խանդոյանը, ի վերջո, զրկվի համայնքապետ աշխատելու հնարավորությունից՝ կալանավայրում լինելու պատճառով:




Լրահոս