Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2016-ի առաջին կիսամյակում ռեկորդային ցուցանիշի է հասել՝ 168 մլն դոլարի: Այս մասին երեկ լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Ու թեեւ նախարարն ընդգծել է, որ խոսքը բացարձակ ծավալի մասին է՝ առանց գնաճի ճշգրտման, նա այդ ցուցանիշը համարել է լավատեսության համար հիմքեր ստեղծող: «Այդ ցուցանիշը թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանի իշխանություններին ու բիզնեսին հաջողվել է հաղթահարել ԵՏՄ հանրապետություններ արտահանման ընթացակարգերի ընկալման հարցում անորոշությունները, որոնք կային 2015-ին՝ Միությանը Հայաստանի անդամակցության առաջին տարում: Դրա համար էլ կարելի է ակնկալել արտահանման հետագա աճ Եվրասիական միություն՝ հատկապես Ռուսաստան»,- եզրափակել է Մինասյանը:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ-ից ՌԴ արտահանվող ապրանքատեսականու առյուծի բաժինը կազմում են գյուղմթերքն ու կոնյակը: Եվ այն հանգամանքը, որ այս տարվա վեց ամիսներին Հայաստանից զգալիորեն ավելի շատ գյուղմթերք է արտահանվել Ռուսաստան, բնականաբար, չէր կարող կապ չունենալ թուրքական գյուղմթերքների ներմուծման՝ ՌԴ կողմից սահմանված արգելանքի հետ: Ընդ որում, ինչպես փաստում են մասնագետները, թուրքական գյուղմթերքի արգելանքը կարող էր Հայաստանից արտահանման ծավալների վրա ազդել երկու ձեւով. մի դեպքում հենց տեղական գյուղմթերքն էր առավել շատ արտահանվում, ինչը, բնականաբար, շահավետ էր դառնում ինչպես միջնորդ կազմակերությունների, այնպես էլ հենց այդ բերքն աճեցնող գյուղացիների համար: Հետեւաբար, այս դեպքում դրա մուլտիպլիկատիվ էֆեկտն ավելի մեծ էր եւ իրական: Իսկ, ահա, մյուս տարբերակն այն էր, որ թուրքական գյուղմթերքը ներմուծվում էր Հայաստան, վերափաթեթավորվում եւ տեղական՝ հայկականի անվան տակ արտահանվում ՌԴ: Իհարկե, այս ոչ օրինական գործընթացի առկայությունն ապացուցող փաստեր չկան, սակայն հատկապես գարնան ամիսներին բանջարեղենի արտադրության եւ արտահանման ցուցանիշների համեմատականը այդ մասին էր խոսում:
Ավելորդ է ասել, որ արտահանման աճի այս տարբերակից օգտվում էին մի քանի հոգի, եւ դա որեւէ դրական էֆեկտ չէր կարող ունենալ գյուղատնտեսության զարգացման համար:
Սակայն ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումից եւ տնտեսական սանկցիաների վերացումից հետո արդեն թուրքական ապրանքատեսակները կարճ ժամանակում կվերանվաճեն իրենց տեղը ռուսական շուկայում, եւ դա, բնականաբար, կունենա իր բացասական ազդեցությունը ՀՀ-ից արտահանման ծավալների վրա: Սա հաշվի չառնել կառավարությունը չէր կարող, եւ ուրեմն առաջիկա ամիսներին արտահանման ծավալների նվազման համար պետք է որ արդեն իսկ պատրաստ լինեն որոշակի պատճառաբանություններ: Թե կոնկրետ որոնք կգերադասեն ներկայացնել հայրենի կառավարությունում, պարզ կդառնա կարճ առաջիկայում: