Համաշխարհային հակադոպինգային ծառայությունը (WADA) վերստուգել է ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Տիգրան Մարտիրոսյանի՝ Պեկինի 29րդ ամառային Օլիմպիական խաղերի դոպինգ փորձանմուշը, որը տվել է դրական արդյունք։ «Արմենպրես»ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
69 կգ քաշային կարգում հանդես եկած Տիգրան Մարտիրոսյանը Պեկինի խաղերում դարձել էր բրոնզե մեդալակիր: Դոպինգ փորձանմուշի վերստուգման արդյունքում հայտնի է դարձել, որ նա օգտագործել է ստանոզոլոլ և դեհիդրոքլորմեթիլտեստոսերոն (տուրինաբոլ)։ ՄՕԿի կարգապահական կոմիտեի ներկայացուցիչներ Դենիս Օսվալդը, Գունիլա Լինդբերգը և Ուգուր Էրդեները հրապարակել են Տիգրան Մարտիրոսյանի հետ կապված զեկույց: Դրանում նշվում է, որ Պեկինի 29րդ ամառային օլիմպիական խաղերում 69 կգ քաշային կարգում հանդես եկած ծանրորդ Տիգրան Մարտիոսյանը խախտել է հակադոպինգային կանոնները, ուստի որոշում է կայացվել որակազրկել նրան, ինչն ուժի մեջ է մտնում այն հրապարակելու պահից: Ըստ զեկույցի` որակազրկման ժամկետի մասին վերջնական որոշում կկայացնի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: