Նախօրեին ռուսական «Լայֆ» պարբերականը տեղեկատվություն հրապարակեց այն մասին, որ ՀՀ կառավարության սեփականությունը հանդիսացող «Երեւանի ՋԷԿ»-ը ռուսական «Գազպրոմին» պարտք է 52,3 միլիոն դոլար: Վերջին տարիներին ՀՀ էներգետիկ համակարգը «խժռած» «Գազպրոմին» այս նոր պարտքի գոյացումը, մեղմ ասած, տարակուսելի է, քանի որ ընդամենը 2013թ-ի դեկտեմբերին կնքված խայտառակ գազային պայմանագրով հայկական կողմը մինչ օրս չպարզաբանված հանգամանքներում գոյացած 300 մլ դոլար պարտքի դիմաց ռուսական ընկերությանը փոխանցեց ՀՀ ունեցած վերջին՝ 20% բաժնեմասը «Հայռուսգազարդում», որից հետո այլեւս 100 տոկոսով ՌԴ-ի սեփականություն հանդիսացող ընկերությունն անվանափոխվեց «Գազպրոմ Արմենիա»: Եւ, ահա, հիմա եւս 52,3 միլիոնանոց պարտքի գոյացման մասին տեղեկատվությունը ուղղակի արդեն ծաղրի է նմանվում մեր բոլորիս՝ ՀՀ օրինապաշտ հարկատուներիս նկատմամբ:
Երեկ «Ազատության» հարցերին ի պատասխան, թե որտեղից, ինչպես է գոյացել այդ պարտքը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանն «աչքալուսանք» է տվել՝ ասելով, թե «Երեւանի ՋԷԿ»-ը այսօրվա դրությամբ «Գազպրոմ Արմենիա»-ին պարտք է ոչ թե 52,3, այլ 33.8 մլ դոլար: Մնացած մոտ 20 մլ դոլարը, ըստ նախարարի, մարվել է Համաշխարհային բանկից վերցված վարկի հաշվին: Ասել է թե՝ մեծ հաշվով ՀՀ մի կառույցից պարտքով գումար է վերցրել մեկ այլ կառույցին ունեցած պարտքը մասնակի մարելու նպատակով: Իսկ «Գազպրոմին» ունեցած պարտքի մնացած մասը, ըստ Յոլյանի, նախատեսված է ամբողջությամբ մարել մինչեւ 2017 թ. օգոստոսի 1-ը:
Պարտքի մարման շուրջ այս խուճուճ բացատրություններին զուգահեռ՝ Յոլյանը հարկ է համարել հայտարարել, որ այդ պարտքը գոյացել է դեռեւս իր պաշտոնավարումից առաջ՝ այդպիսով իրեն դուրս դնելով դրա գոյացման համար պատասխանատվությունից: Թե որքանով է նորմալ, երբ այս կամ այն պաշտոնյան իր ղեկավարած գերատեսչությունում առկա խնդիրները բացատրում է իր ստացած վատ ժառանգությամբ, այլ հարց է: Այստեղ էականն այն է, որ Յոլյանը խոսում է համակարգում առկա լրջագույն թերացման մասին, որի արդյունքում գոյացել է հսկայական՝ 52,3 միլիոն դոլարի պարտք, եւ դա, փաստորեն, տեղի է ունեցել 2014թ-ից մինչեւ 2016 թթ ընկած ժամանակահատվածում: Հարց է առաջանում՝ իսկ ով էր այդ փուլում Էներգետիկայի նախարարը, եւ ինչու ՀՀ դատախազությունը նրան շատ կոնկրետ հարցեր չի ուղղում:
Իսկ ՀՀ էներգետիկ համակարգի պատասխանատուն այդ փուլում ոչ անհայտ Երվանդ Զախարյանն է, որը տարիներ շարունակ տարբեր բարձր պաշտոններ զբաղեցնելուց եւ սկանդալային պատմություններում հայտնվելուց հետո /սկսած «մազութի գործից», ավարտած Երեւանի կենտրոնի այլանդակմամբ, եւ ինչպես պարզվեց՝ էներգետիկ համակարգում ստեղծած խայտառակ վիճակով/ առոք-փառոք գնաց թոշակի՝ վայելելու վաստակած միլիոնները: