ԲԱՆՏԱՊԵՏԸ «ԿՐԻՄԻՆԱԼԻ ՀԵՏ ՍԵՂԱՆ» ՆՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնասպան էր եղել 7 անգամ ազատազրկման դատապարտված, Աբովյան քաղաքի բնակիչ, 43-ամյա Գագիկ Բունիաթյանը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ դատապարտյալ Բունիաթյանը օրերս էր տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ: Լուրեր կան, որ հիվանդանոցում նրա նկատմամբ բռնություն է իրականացվել, որից հետո նրան տեղափոխել էին «Նուբարաշեն», որտեղ էլ կախվելու միջոցով ինքնասպան էր եղել:

Նշենք, որ 2012 թվականի մարտի 26-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գագիկ Բունիաթյանին 10 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, ավազակության, գողության, անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու համար: 2014 թվականին, երբ Բունիաթյանը պատիժը կրում էր «Արթիկ» ՔԿՀ-ում, ինքնախեղդում է արել` կարելով աչքերն ու բերանը:
Ըստ լուրերի` Բունիաթյանը անբուժելի հիվանդություն է ունեցել եւ այդ քայլին է գնացել այն բանի համար, որ պահանջել է իրեն հասանելիք դեղորայքը, որը վարչակազմը չի տվել: Հավելենք, որ դատարանն իր վճռում հատուկ ընդգծել էր, որ պատժի կրման ընթացքում Գագիկ Բունիաթյանին խորհուրդ է տրվում նարկոլոգի հսկողություն, կարիքն առաջանալու դեպքում` ստացիոնար բուժում:
Եվ, ահա, ըստ էության, նրան տարել էին դատապարտյալների հիվանդանոց՝ ստացիոնար բուժման, իսկ ավելի ուշ կրկին տեղափոխել էին կալանավայր, որտեղ էլ ինքնասպան է եղել:
Նկատենք` սա առաջին դեպքը չէ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները ինքնասպան են լինում:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրող իրավիճակի մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց ՔԿՀ պետ Սերոբ Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Արդեն որերորդ դեպքն է, որ դատապարտյալները ինքնասպան են լինում կամ ինքնավնասման են դիմում, ի՞նչ խնդիր կա, որ այսպիսի պատկեր ունենք: Միգուցե որպես նորանշանակ պետ չե՞ք ընկալվում նրանց կողմից:
-Նմանատիպ խնդիրներ չկան, քրեակատարողական հիմնարկում տարաբնույթ խնդիրներ կարող են առաջանալ դատապարտյալների եւ կալանավորների շրջանում, իսկ մնացած մանրամասնությունների հարցերով դիմեք քրեակատարողական վարչության լրատվական բաժին:
-Օգոստոսի 23-ին ինքնասպան եղած դատապարտալ Գագիկ Բունիաթյանի նկատմանբ բռնություն է կիրառվել կալանավայրում, որից հետո նա գնացել է այդ քայլին, ի՞նչ գիտեք Դուք այդ մասին:
-Նման տեղեկության՝ ծեծի հետ կապված, չեմ տիրապետում:
-Ձեր մուտքը ՔԿՀ այդքան էլ բարեհաջող չի սկսվել: Նշանակվելուց հետո կալանավայրի նիստուկացում որոշ փոփոխություններ էիք իրականացրել, ինչը դատապարտյալների սրտով չէր: Դռների դիտանցքները փակել էիք տվել, ինչը նոր աղմուկի առիթ էր դարձել: Դուք մարդկայի՞ն եք համարում այսօրվա գերծանրաբեռնված խցերում դիտանցքները փակելը:
-Մենք շարժվում ենք օրենքներով, հրամաններով եւ հրահանգով:
-Հրապարակել էինք մի աղմկալի տեսանյութ, թե ինչպես են ՔԿՀ-ում դատապարտյալները ինքնավնասման գնում՝ կտրում երակները, մեխում ոտքերը, ի՞նչ կասեք այդ մասին:
-Ինչպե՞ս է Ձեզ մոտ հայտնվել այդ տեսանյութը:
-Դուք տեղեկատվության աղբյո՞ւր եք ուզում իմանալ, ես այն չեմ բացահայտի` օգտվելով ԶԼՄ-ների մասի օրենքից:
-Իսկ նշված անձանց մասին ուսումնասիրություն երբեւէ կատարե՞լ եք, թե քանի անգամ են դիմել ինքնավնասման, ինչ կատեգորիայի մարդիկ են, նախկինում քանի դատվածություն ունեն, ինքնավնասման հակումներով հաշվառում ունեն, հոգեպես անհավասարակշռված վիճակում են պարբերաբար գտնվել: Ուսումնասիրեք տեսանյութի մարդկանց կենսագրությունը եւ Ձեզ համար պարզ կդառնա:
-Տեղեկություններ կային, որ դատապարտյալները ինքնավնասման գնացել էին, երբ իրենց մոտ հայտնվել էր արգելված հաբեր: Նրանք պնդում են, որ այդ դեղը իրենց մոտ հայտնվել է ՔԿՀ որոշ պաշտոնյաների օգնությամբ, միգուցե Ձեր աշխատակիցների պատասխանատվության հա՞րցը բարձրացնենք, որ այսպիսի պատկեր չունենանք:
-Լիրիկա տեսակի դեղ են փորձել փոխանցել դատապարտյալի կնոջ միջոցով, որը հայտնաբերվել է եւ համապատասխան ընթացք է ստացել, նշված կալանավորը ցանկացել է ամեն գնով այդ դեղը հետ վերցնել, ինչն արգելված է օրենքով:
-Այս տարվա մայիսի 6-ին նշանակվեցիք ՔԿՀ պետ, նախկինում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետն էիք: Հրապարակվեց, որ մարտի 2-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ազատել էր Ձեզ պաշտոնից` քրեական տարրերի հետ «սեղան նստելու համար»:
-Ավարտեցի՞ք Ձեր միտքը, ես ոստիկանության համակարգից չեմ հեռացվել, ինձ մարզային վարչության պետի պաշտոնից ՀՀ ոստիկանապետի հրամանով ուղարկել են կադրերի ռեզերվ: Այնուհետեւ ավելի ուշ գտել եմ նպատակահարման, իմ դիմումի համաձայն տեղափոխվել եմ արդարադատության նախարարություն, ինձ ոչ ոք չի հեռացրել:
-Այսինքն՝ քրեական տարրերի հետ «սեղան չեք նստե՞լ»:
-Ես արդեն ասացի:
-Քրեակատարողական հիմնարկներում «զոն նայող»-ի ինստիտուտի մասին բազմիցս ենք խոսել ու բարձրաձայնել, Դուք ինչպե՞ս եք պայքարում այս ինստիտուտի դեմ, դժվար չէ՞:
-Նմանատիպ խնդիրների համար պարզաբանում ստանալու համար դիմեք ՔԿՀ լրատվական բաժին:
-Դուք եք ՔԿՀ պետը, ինձ Ձեր պայքարի մեխանիզմն է հետաքրքիր:
-Լսեք իմ խնդրանքը:
-Պարո՛ն Հարությունյան, նախկին ՔԿՀ պետի լիազորությունները դադարեցվեցին, քանի որ ՔԿՀ-ում աղմկալի չարաշահումեր էին հայտնաբերվել: Ավելին՝ տեղեկություններ կան, որ ՔԿՀ-ի «զոն նայողները» պետք է ուղարկված սնունդը օգնություն տան դատապարտյալներին եւ կալանավորներին, սակայն ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցները արգելել էին:
-Նման տեղեկությունների չեմ տիրապետում եւ չեմ էլ ուզում մեկնաբանել, նախկինում ինչ է եղել, ներկայումս ամեն ինչ օրենքով սահմանված կարգով է կատարվում: Առանձին քաղաքացիներ, եթե ցանկություն ունեն օգնել ՔԿՀ-ին, համապատասխան ընթացակարգով ընդունվում է ՔԿՀ եւ բաշխվում է կալանավորներին` սնունդի տեսքով:
-Բայց այստեղ այլ խնդիր կա. դատապարտյալները դժգոհություններ են հայտնում, որ ՔԿՀ-ում ուտելիքն այնքան անորակ է, որ մարդիկ դիմում են իրենց հարազատներին, որպեսզի սնունդ բերեն, որ սովից չմահանան:
-Սննդի հետ կապված խնդիրները մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Տարբեր մարդիկ, տարբեր ճաշակի տեր անհատներ են, հիմա մարդ կա, որ իր մոր կա՛մ կնոջ, կա՛մ քրոջ պատրաստած սննդից է ցանկանում օգտվել, բայց որակը լավ է, քանի որ հասարակական դիտորդները, ինչպես նաեւ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները այցելում են, համտես են անում, եւ այսքան ժամանակ դիտողություններ չենք ունեցել:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԿՀԱՄԱՐՁԱԿՎԵՆ ԲՈՂՈՔԵԼ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը անդրադարձել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի զայրույթին, որ նա հանձնարարել էր հաշվարկել, թե վերջին երեք տարվա ընթացքում որքան գումար է հատկացվել ՄԻԵԴ-ի վճիռների համար. «Եւ, ընդհանրապես, այս սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պետք է պատասխան տա՞, թե՞ ոչ»,- ասել է վարչապետը:
-Ի՞նչ էր դա նշանակում:
-Վարչապետը նախ պետք է նեղանա ինքը իրենից, ինչպիսի հրահանգ տալիս են դատավորին, այդպիսի վճիռներ ստանում են: Դատավորները վճիռներն արձակում են` ելնելով գործադիր իշխանության թելադրումից, դա փաստ է, եւ վարչապետը չպետք է դժգոհի, այլ պետք է դժգոհեն դատավորները իրենց հրահանգ տվողներից, որ էլ հրահանգ չտան, որպեսզի արդարադատություն իրականացնեն:
Ես ակնկալում եմ, որ դատավորներն իրենք պետք է բողոք ներկայացնեն, որ դուք այն պահանջները ներկայացնելու ժամանակ այսպիսի վճիռներ կայացնելու համար Եվրոպական դատարանը այսպիսի գնահատական է տալու, որ սխալ է եղել: Ինձ հետաքրքիր է՝ դատավորները գոնե փորձել են դիմադրել, բացատել իրենց հրահանգ տվողներին, որ այդ որոշումը, որը հրահանգով կատարվում է, հանդիսանալու է խախտում: Այսինքն՝ վարչապետը, հանձին գործադիր իշխանության քաղաքական ղեկավարության, թող իրենցից դժգոհեն, իրենց անգրագետ հրահանգներից, որ տալիս էին դատավորներին, որոնք ընդունում էին այդպիսի որոշումները՝ ընդ որում, ելնելով իրենց քաղաքական կամ նեղ անձնական շահերից:
-Բայց դատավորները արդարանում են, թե իրենց մեղքը չէ, այլ օրենքի բաց կա, որ այս իրավիճակն է ստեղծում:
-Դատավորները պետք է հասկանան, հիշեն, որ մինչեւ նոր սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանի կողմից իրականացված, նախկին Սահմանադրությամբ կար հետեւյալ դրույթը. սահմանադրական նորմերը գործում են անմիջականորեն, եւ կիրառվում են միջազգային նորմերը, որոնց միացել է նաեւ Հայաստանը, այսինքն՝ հղում կատարել օրենքի բացերին սա արդեն իրավականորեն անգրագիտություն է: Կրկնում եմ, որ օրենքի բացերին հղում կատարեն, դա մանկական պատճառաբանություն է, որովհետեւ միջազգային պայմանագրի նորմերը ուղղակի գործողության դրույթ ունեն մեզ մոտ:

Զրուցեց Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ԿԼԻՆԻ
Օգոստոսի 24-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների ղեկավարների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու ԼՂՀ նախագահի առաջարկի քննարկման նպատակով: ԼՂՀ ԱԺ նախագահը հայտարարել է, որ օգոստոսի 25-ին՝ ժամը 11:00-ին, հրավիրվում է արտահերթ նստաշրջան հանրապետության նախագահի առաջարկած օրակարգով:

 

 
ԷՊՈՍԱՅԻՆ
«Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Մեր երկիրը զավթած ներքին թշնամին եւ նրա օտար տերերը հասկանում են, որ ս.թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռերի» սկսած ապստամբությունը նորանոր ալիքներ է ունենալու: Ուստի նրանք հետեւողականորեն ձգտում են ստեղծել ապստամբության սրբազան իրավունքը կասկածի տակ առնելու եւ նույնիսկ դատապարտելի համարելու եւ մերժելու տրամադրություններ: Նրանք ձգտում են մեզ ներշնչել, թե «քարի մեջ արյուն կա» եւ վախեցնել, որ «եղածն էլ կկորցնեք»: Սակայն նրանց ջանքերը զուր են: «Սասնա ծռերի» զինված ընդվզման կայծը վառել է ժողովրդի ոգու կրակը: Նա ոչ միայն հասկանում է, որ «քարի մեջ արյուն կա» եւ «եղածն էլ կկորցնեք» ասողներն իրականում ուզում են քարով ջարդել մեր գլուխը եւ եղածն էլ խլել մեզանից, այլեւ արդեն սարսափահար է արել Ցռան Վերգոյին եւ իր Թուր Կեծակին է բարձրացնում՝ «Մսրա Մելիք» համակարգին մեջտեղից կիսելու համար»:

 

 

ՄԵՐԺԵՑԻՆ
Վերաքննիչ դատարանը երեկ մերժել է Սարի թաղում հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքը: Հիշեցնենք, որ Ղուկասյանն արդեն 24 օր է՝ հացադուլի մեջ է:




Լրահոս