Իշխանություններն ինչ նոր լուծումներ են մտածել՝ ԸՕ փոփոխությունների չեղարկումից հետո որպես «սփոփիչ» այլընտրանք ներկայացնելու համար. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե իշխանություններն ինչ նոր լուծումներ են մտածել՝ ԸՕ փոփոխությունների չեղարկումից հետո որպես «սփոփիչ» այլընտրանք ներկայացնելու համար: Արդեն հայտնի է, որ հիմնական տարբերակը ստորագրված ընտրացուցակների հրապարակումն է: Մի բան, որին ընդամենը մի քանի ամիս առաջ ԸՕ նախագծի հեղինակները կատեգորիկ դեմ էին որպես «վերին ատյանի ճշմարտություն» վկայակոչելով Վենետիկի հանձնաժողովի նկատառումները: Ավելին՝ այդ նկատառումները բոլորովին այլ առիթով եւ այլ կոնտեքստում հիշատակած Սահմանադրական դատարանի որոշումն էլ վկայաբերում էին որպես անհաղթահարելի արգելք՝ պնդելով, թե այդպիսով ստորագրված ընտրացուցակների հրապարակումը հակասահմանադրական է:

Մինչդեռ հիմա, երբ իշխանությունն իր համար «չարյաց փոքրագույնն» ընտրելու պարտադրանքի տակ է, պարզվում է, որ ո՛չ Վենետիկի հանձնաժողովի կարծիքն է որոշիչ, ո՛չ էլ այն հիշատակած Սահմանադրական դատարանի որոշումն է խոչընդոտ: Ի վերջո, հունիսի 16-ին կայացած համաձայնությունը խախտելով՝ իշխանությունները ոչ միայն ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին եւ 4+4+4 ձեւաչափում ներգրավված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին խաբեցին, այլեւ միջազգային կառույցներին, որոնք դեռ ջուրը չտեսած՝ բոբիկանալով, շտապեցին գովասանքների մի ամբողջ շարան հնչեցնել այդ «պատմական համաձայնությանը» գնացած ՀՀԿ-ի հասցեին: Եվ հիմա թե՛ այս ձեւակերպման հեղինակ, ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Սվիտալսկին, թե՛ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, թե՛ նույն Վենետիկի հանձնաժողովը հայտնվել են բավականին անհարմար վիճակում: Ուստի խուսափելու համար միջազգային կառույցների՝ սպասելի կոշտ հայտարարություննեից, իշխանությունները պատրաստ են գնալ ընտրացուցակների հրապարակմանը՝ իհարկե, դրանց չտալով ապացուցողական նշանակութուն:

Բայց եթե իշխանությունների դեպքում սեփական խոսքից հետ կանգնելը, անգամ ժխտելն ու հերքելը այլեւս որեւէ մեկի համար զարմանալի չէ, նույնը չպետք է լինի ընդդիմության եւ քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչների դեպքում, որոնցից հանրությունն, ամեն դեպքում, ակնկալիքներ ունի:
Վերջիններիս ներկայացուցիչներն էլ, փաստորեն, հիմա ասում են, որ ցուցակների հրապարակումը խնդրի լուծում չէ, այն դեպքում, երբ ամիսներ առաջ պնդում էին, որ եթե անգամ իշխանությունն իրենց առաջադրած միայն այդ մեկ պահանջը կատարի՝ ստորագրված ցուցակները հրապարակի, իրենք դա կդիտեն բավարար թափանցիկ ընտրական գործընթացի կազմակերպման համար: Դանիել Իոաննիսյանը, օրինակ, ասում է, թե ցուցակների հրապարակումն ընդամենը կեղծիքների բացահայտման միջոց է, մինչդեռ մատնահետքերն ու նախագրանցումը՝ կանխարգելիչ: Լավ, եթե այդպես է, ինչու ուրեմն ի սկզբանե հենց դրա վրա շեշտը չդրվեց, եւ ժամանակն անիմաստ վատնվեց ցուցակների հրապարակման համար պայքարելով եւ, ի վերջո, իշխանությանն էլ տեղիք տալով՝ ասելու՝ սա էիք ուզում, անում ենք, էլ ինչու եք բողոքում:




Լրահոս