Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, անդրադառնալով քաղաքագետ Ստեփան Գրիգուններ անող ռուս գործիչների նկատմամբ հայկական կողմից համարժեք արգելքների սահմանմանը, ասել է. «Եթե մենք առաջնորդվենք նրանով, որ ում դուր չի գալիս Հայաստանի քաղաքականությունը կամ ինչ-որ բան Հայաստանում դուր չի գալիս, արգելենք, մենք կնմանվենք Ալիեւին, կամ այսօրվա Ռուսաստանին, կամ Հյուսիսային Կորեային»:
Իհարկե, նման խնդիր կա. եթե մենք քննադատում ենք Ռուսաստանի պահվածքը, ապա այն կրկնելը լավագույն լուծումը չէ: Բայց մյուս կողմից էլ որեւէ կերպ ռազմավարական դաշնակցի այդ քայլին չարձագանքելն ու ցույց չտալը մեր բացասական վերաբերմունքը եւս սխալ է: Եւ, ի վերջո, պետք չէ Ալիեւին բերել որպես բացառապես վատ օրինակ: Չմոռանանք, որ նմանատիպ հարցերում Ադրբեջանի իշխանություններն իրենց շատ ավելի արժանապատիվ են պահում եւ չեն զլանում ամեն անգամ, ըստ իրենց պատկերացումների, համարժեք արձագանքել:
Եվ որքան էլ ասվի, որ «օկուպացված տարածքների մասին» Ադրբեջանի նվնվոցները վաղուց արդեն ձանձրացրել են միջազգային հանրությանը, իրականության մեջ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն, ի վերջո, կարողանում է բավականին լավ արդյունքներ գրանցել ինչպես միջազգային կառույցներում /մասնավորապես ԵԽԽՎ-ում, որտեղ մի քանի ամիս առաջ երկու խիստ հակահայկական զեկույցներից մեկն ամբողջությամբ ընդունվեց, մյուսը մասնակի/, այնպես էլ մեր ռազմավարական դաշնակիցը համարվող Ռուսաստանի հետ իր հարաբերություններում:
Մասնավորապես, երբ հայտնի դարձավ որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքվել է 200 միլիոն դոլար վարկի տրամադրման համաձայնագիր, որով ՌԴ-ն Հայաստանին պետք է զենք մատակարարի, Ադրբեջանի ԱԳՆ-ն անմիջապես բողոքի նոտա հղեց Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ պահանջելով կա՛մ կասեցնել այդ համաձայնագիրը, կա՛մ էլ պաշտոնական երաշխիքներ տրամադրել առ այն, որ այդ զենքը չի կիրառվի ընդդեմ Ադրբեջանի: Մի բան, որն անցած հինգ եւ ավել տարիների ընթացքում այդպես էլ որեւէ անգամ չարեց Հայաստանի ԱԳՆ-ն, եւ արդյունքում ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեցանք 100-ից ավել զոհ՝ խոցված հենց ռուսական զինատեսակներից:
Իսկ, ահա, ադրբեջանական կողմի «հիսթերիան», ինչպես դա սիրում են բնութագրել իշխանական լրատվամիջոցները, լավ էլ արդյունք տվեց. Ռուսական 200 միլիոն դոլարի զենքն այդպես էլ Հայաստան չի հասնում:
Այնպես որ, երբեմն ավելի լավ է լինել «հիսթերիկ» եւ «նվնվան», քան թե անողնաշար եւ ամորֆ: