Ժամանակն է, որպեսզի հայկական դիվանագիտական միտքը միջնորդներին առաջարկի անսպասելի, ոչ ստանդարտ և բոլորովին նոր սկզբունքներ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՌԴ ԱԳՆ-ում անցկացվելիք խորհրդակցության ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Ինչ կարող է տալ այսօրվա խորհրդակցությունը: Ըստ ամենայնի՝ ոչինչ: Եւ դա այն պարզ պատճառով, որ գոնե այս պահի դրությամբ չկան բավարար հիմքեր՝ ենթադրելու համար, որ պատրաստվում է բանակցային բոլորովին նոր սկզբունքների վրա հիմնված փաստաթուղթ, իսկ այն ամենը, ինչ հնարավոր էր անել Մադրիդյան սկզբունքների շրջանակներում, արդեն իսկ 2004 թ-ից ի վեր մշակվել է, քննարկվել է, ներկայացվել է:

Տարբեր տարիների այդ սկզբունքների հիման վրա ձեւակերպված այս կամ այն դետալի փոփոխության շուրջ տարվող քննարկումներն, ի վերջո, հանգեցին զրոյական արդյունքի 2011թ. հունիսին՝ Կազանում: Դրան հաջորդած 5 տարիներին Ադրբեջանը շեշտակիորեն զինվեց եւ փոխելով իր ռազմական դոկտրինը՝ խնդիր դրեց հարցը ռազմական ճանապարհով լուծել: Ապրիլին, ի վերջո, նա փորձեց դա անել, սակայն ձախողվեց: Եւ ուրեմն՝ հիմա նորից հանդիպել, նորից քննարկել արդեն 100 անգամ քննարկվածն ու մերժվածը, ընդամենը ժամանակի կորուստ է: Առավելագույնը, որ կարելի է ակնկալել վաղվա եւ նաեւ առաջիկայի նմանատիպ հանդիպումներից, դա «կրկին փորձիր» սկզբունքով ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման կազմակերպման շուրջ համաձայնությունն է եւ սահմանային միջադեպերի հետաքննության, մոնիթորինգի մեխանիզմների կյանքի կոչմանն ուղղված ջանքերը:

Իսկ որպեսզի բանակցային գործընթացն ըստ էության վերականգնվի, անհրաժեշտ են նոր սկզբունքներ, նոր մոտեցումներ, որոնք առնվազն քննարկման նոր դաշտ կբացեն կողմերի համար: Ապրիլյան քառօրյա պատերազմն այդ առումով նոր հնարավորություն բացեց հայկական կողմի առջեւ: Ի վերջո, ակնհայտ դարձավ, որ ուժի չկիրառման սկզբունքն այլեւս չի աշխատում, եւ ուրեմն հայկական կողմը վտանգի տակ է, ինչից ելնելով էլ կարող է կոշտացնել իր դիրքորոշումը:
Օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը այս կապակցությամբ առաջարկեց նոր՝ «անջատում հանուն փրության» դոկտրինը՝ նշելով, որ հատկապես ապրիլյան պատերազմից հետո այն ընկալելի կլինի աշխարհի համար: Դիվանագետ Արա Պապյանն առաջ է տանում Արցախի՝ Հայաստանին միավորվելու գաղափարը՝ պնդելով, որ միայն այդ դեպքում է հնարավոր չկորցնել ազատագրված տարածքները, իսկ, ահա, ինքնորոշման սկզբունքի առաջնայնության դեպքում որեւէ արգումենտ չի կարող լինել այդ 7 շրջանների պահպանման համար:

Կան էլի հետաքրքիր առաջարկներ, որոնք, սակայն, որեւէ կերպ մեր քաղաքական օրակարգում անհրաժեշտ լրջությամբ չեն քննարկվում: Կարծում ենք՝ ժամանակն է, որպեսզի հայկական դիվանագիտական միտքը միջնորդներին առաջարկի անսպասելի, ոչ ստանդարտ եւ բոլորովին նոր սկզբունքներ: Հուսանք, որ Էդվարդ Նալբանդյանին առաջիկայում փոխարինող նոր արտգործնախարարը նոր օրակարգ կներկայացնի միջնորդներին:




Լրահոս