Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը երեկ ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում ունեցած ելույթում նոր ձեւավորվելիք կառավարության առաջ խնդիր է դրել՝ «վերականգնել իշխանությունների նկատմամբ ամենալայն վստահությունը»:
«Առանց բաց կառավարման, հասարակական լայն վստահություն ապահովելը անհնարին է, եւ այդ պատճառով էլ անհնարին է երկրի որակական նոր զարգացումը: Նոր կառավարության հիմնական խնդիրը ես տեսնում եմ թափանցիկության, հրապարակային գործընթացների արդյունքում տնտեսական այնպիսի բարեփոխումների իրականացման մեջ, որոնք կամրապնդեն կայուն, ազատ մրցակցային տնտեսություն ունենալու հիմքերը»,- ասել է Սարգսյանը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ առանց քաղաքական բարեփոխումների տնտեսական բարեփոխումների արդյունքները միշտ էլ մեզ չեն բավարարելու:
«Այսօր արդեն բոլորն են տեսնում քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը»,- ասել է նա: Եվ որպես այդպիսիք խոստացող գործընթաց՝ նշել է ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձեւաչափով քննարկումները. «Վերջին օրինակը ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ այն աննախադեպ համագործակցությունն էր, որ ընթանում էր վերջին ամիսներին, եւ հույս ունենք, որ մոտակա երկու-երեք օրերի ընթացքում այն բարեհաջող ավարտ կունենա»,-ասել է ՀՀԿ ղեկավարը:
Այդպիսով՝ Սերժ Սարգսյանը որպես քաղաքական բարեփոխումներին ուղղված զարգացում մատնանշում է մի գործընթաց, որը այլ կերպ, քան խաբեություն դժվար է որակել: Փաստորեն, երկուսուկես ամիս շարունակ /հունիսի 16-ից՝ համաձայնության կայացումից ի վեր/ ոչինչ չանելու, ԸՕ փոփոխությունների շուրջ ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ հնարավոր բոլոր տարբերակները ձախողելու եւ վերջում էլ այդ ամենը տեխնիկական խնդիրներով արդարացնելու գործելաոճը Սերժ Սարգսյանը ներկայացնում է որպես դրական օրինակ, եւ դեռ հույս հայտնում, որ այն բարեհաջող ավարտ կունենա: Հարց է ծագում՝ ո՞ւմ համար:
Եթե իշխանության, ապա միանգամայն հնարավոր է: Իսկ եթե խոսում ենք ժողովրդի մասին, ապա այդ գործընթացն այլեւս ակնհայտ է, որ բարեհաջող ավարտ չի ունենալու, քանի որ մինչ այդ ընդունված ԸՕ փոփոխությունները կյանքի չկոչելու դեպքում թափանցիկ եւ բաց ընտրական գործընթացի ակնկալիքները կարելի է արդեն այսօրվանից թաղված համարել:
Եվ եթե Սերժ Սարգսյանը խոսում է տնտեսական բարեփոխումների անհնարինության մասին, առանց քաղաքական բարեփոխումների, ապա նշանակում է, որ արդեն այսօրվանից համոզված է, որ այս նոր կառավարությունն էլ ոչ մի տնտեսական բարեփոխում չի կարողանալու անել, քանի որ դրա համար անհրաժեշտ քաղաքական բարեփոխման գործիքը՝ ընտրական օրենսգիրքը, իշխանությունների անթաքույց եւ բավականին ցինիկ ջանքերով «փչացվեց»: