Ինչու է մեր ընդդիմությունը լռում և միայն «գալոչկայի համար» սկզբունքով անդրադառնում քաղբանտարկյալների խնդրին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աժ ՀՀԿ խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը հայտարարել է, թե Հայաստանում չկան քաղաքական պատճառներով ձերբակալվածներ. «Ես պնդում եմ, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ»,- ասել է նա: Հարցին, թե այդ դեպքում ինչ է փոխվում, եթե դատախազի թեկնածուն է պնդում, որ երկրում չկան քաղբանտարկյալներ, իրեն արդեն գլխավոր դատախազի դերում պատկերացնող Արթուր Դավթյանը հակադարձել է. «Ովքե՞ր են ասում, որ կան քաղբանտարկյալներ, որ ես էլ ոչինչ չեմ փոխելու»:

Իրականում գլխավոր դատախազի թեկնածուի այս հարցադրումը միանգամայն տեղին է: Այն, որ մեղադրական գործառույթներ ունեցող կառուցի ղեկավարը պետք է պնդի, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, թերեւս, օրինաչափ է եւ տրամաբանական, հակառակ դեպքում կստացվի, որ նա կասկածի տակ է դնում իր իսկ ներկայացրած կառույցի գործունեությունը: Եւ այս առումով տարակուսելի է այն ջղագրգիռ արձագանքը, որին արժանացավ ապագա գլխավոր դատախազի այս հայտարարությունը: Թեեւ իրականում գուցե դրա պատճառն այն է, որ իր հարցադրմամբ՝ «իսկ ովքեր են ասում, որ կան քաղբանտարկյալներ», Դավթյանը թափանցիկ կերպով ակնարկեց, որ մեր ընդդիմադիր դաշտի ուժերը եւս առանձնապես ակտիվ չեն քաղբանտարկյալների վերաբերյալ իրենց բարձրաձայնումներում:

Եւ ասել, որ գլխավոր դատախազի թեկնածուի այս պնդումը սխալ է, բավականին դժվար կլինի: Անցած տարիներին, բացառությամբ մեկ-երկու քաղաքական ուժերի, ընդհանուր առմամբ Հայաստանում քաղբանտարկյալների թեմային ընդդիմությունը գրեթե չի անդրադարձել: Իսկ եթե անդրադարձել էլ է, ապա կարծես թե դա արվել է առավելապես «գալոչկայի համար» սկզբունքով. այնպես, ինչպես նույն Շանթ Հարությունյանի դեպքում արեց «Հայ ազգային կոնգրեսը», որը Շանթի դատապարտումից ամիսներ անց միայն հայտարարությամբ հանդես եկավ եւ Շանթ Հարությունյանին ճանաչեց քաղբանտարկյալ: Սակայն ոչ մինչ այդ՝ դատավարության փուլում, ոչ էլ դրանից հետո ակտիվ բողոքի ակցիաներ չարեց: Այնպես, ինչպես անում էր գրեթե նույն փուլում քաղաքական պատճառներով կալանավորված իր երկու երիտասարդ անդամների դեպքում:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» անդամներին եւ նրանց գործողությունների արդյունքում ծավալված իրադարձությունների հետեւանքով կալանավորվածներին, ապա այստեղ ընդհանրապես ընդդիմադիր ուժերի կողմից անհասկանալի վերաբերմունք է: Հուսանք, որ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդդիմությունն այս հարցում կդրսեւորի ադեկվատ վարքագիծ եւ հանդես կգա գլխավոր դատախազի թեկնածուից տարբերվող դիրքորոշմամբ:




Լրահոս