ՁԳՏՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՍՈՒՊԵՐՉԵՄՊԻՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդր»-ը բացառիկ հարցազրույց ունեցավ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ, ով արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում է. եկել է հարազատներին այցելության: -Ո՞րն  էր պատճառը, որ նախավերջին մենամարտի ժամանակ պարտվեցիք, ինչ-որ խնդի՞ր կար:-Նախավերջին մենամարտի ժամանակ պարտվեցի, որովհետեւ ինձ լավ չէի զգում:  Ինձ թվում  է, որ ես շատ էի պարապել, օրգանիզմս մի քիչ շատ էր թմրել, ինձ լավ չէի զգում: Կարճ ասած`  ֆորմի մեջ չէի, դրա համար:-Այդ դեպքում ինչո՞ւ  մասնակցեցիք, եթե գիտեիք, որ «ֆորմի մեջ» չեք:-Դե էնտեղ կան պայմանագրեր, ամիս-ամսաթվեր, իսկ  ես չեմ սիրում խախտել պարտավորությունները:-Իսկ հայ հասարակությունն առաջիկայում կարո՞ղ է միայն հաղթանակներ տեսնել, թե՞ հնարավոր է, որ մենք կրկին տխրելու առիթ ունենանք:-Ոչ, միշտ էլ կլինեն հաղթանակներ: Պիտի աշխատեմ, որ մենք միշտ հաղթենք, ու որ բոլորն էլ ուրախ լինեն:-Ե՞րբ է լինելու Ձեր հաջորդ մարտը:-Մայիսի 14-ին` ժամը 21-ին, «Սուպեր սիքս»-ի շրջանականերում ԱՄՆ-ում տեղի կունենա  իմ մրցամարտը Անդրե Ուարդի հետ: -«Սուպեր սիքս»-ում  Դուք երկու պարտություն ունեք, չեմպիոն դառնալու հնարավորություն կա՞: Եվ ինչքանո՞վ է  մեծ այդ շանսը:-Մենք արդեն մասնակցում ենք կիսաեզրափակչին, որից հետո կլինի արդեն եզրափակիչը: Մնացել է երկու մարտ: Եթե այդ երկու մարտը դու հաղթում ես, ապա դառնում ես «Սուպեր սիքս»-ի չեմպիոն: -Իսկ այսօրվա  Ձեր մարզավիճակը համարո՞ւմ եք  գերազանց: Հուսա՞նք, որ չեմպիոն կդառնաք:-Իհարկե:-Ձեր կարծիքով պարտությունից հետո Ձեր ռեյտինգը տուժե՞ց:-Դե բոլորն էլ տխուր են, բայց դա պետք է ժողովրդին հարցնեք:-«Սուպեր սիքս»-ում հաղթելու դեպքում գումարային ի՞նչ մրցանակ է սպասվում Ձեզ:-Գումարների մասին ես ընդհանրապես չեմ խոսում:-Արթուր Աբրահամը բռնցքամարտում ի՞նչ պետք է անի, որ իր առաքելությունը համարի կատարված:  -Չգիտեմ, ես դեռ չեմ որոշել, բայց ամենակարեւորը`  դառնամ այս քաշային կարգում սուպերչեմպիոն:-Իսկ ի՞նչ տրամադրվածությամբ եք գալիս Հայաստան: -Շատ բարձր: Հայաստան գալիս եմ, որ միշտ ուրախանամ, որ մի քիչ հանգստանամ, բայց դե բարեկամներս ու ընկերներս էնքան շատ են, որ հազիվ եմ հասցնում տեսնել:-Ձեր բոլոր ռինգերի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը ներկա է լինում: Անձամբ Ձե՞զ   է շատ սիրում, թե՞ բռնցքամարտը:-Մենք իր հետ շատ ջերմ հարաբերություններ ունենք, մենք միշտ էլ հանդիպում ենք:-Իսկ նա Ձեզ օգնո՞ւմ է:-Մենք լավ ընկերներ ենք, ուղղակի ընկերական շփում է, ուրիշ ոչ մի բան:-Գիտեք չէ՞, որ Հայաստանում ամեն մարդ չէ, որ կարող է ՀՀ գլխավոր դատախազի հետ շփվել: Ի՞նչ զգացողություններ եք ունենում, երբ տեսնում եք, որ նա ձեզ «բալետ» է  անում:-Ինչպես արդեն ասացի, մենք իրար հետ ընկերական հարաբերություններ ունենք, իսկ ընկերական հարաբերությունների ժամանակ կապ չունի` ով ովա, եթե ընկերական հարաբերություններ են, ապա մաքուր սրտով են ընկերություն  անում: Իսկ մարտի  ժամանակ ես ոչ մի բանի ուշադրություն չեմ դարձնում: -Որքանով տեղյակ ենք, դուք նաեւ մոտ հարաբերություններ ունեք Շենգավիթի թաղապետի հետ: Նա Ձեզ ինչ-որ բանով օգնո՞ւմ է:-Ինչո՞վ օգնի: Մենք ուղղակի Շենգավիթ համայնքի քաղաքացի ենք ու վերջ:-Վերջերս  լուրեր կային, որ դուք Ձեզ համար սեփական ինքնաթիռ եք գնել, դա ճի՞շտ է:-Եկեք դրա մասին չխոսենք:-Իսկ առաջիկայում Ձեր անձնական կյանքում պատրաստվո՞ւմ եք ինչ-որ բան փոխել:-Մինչեւ հիմա չեմ ամուսնացել, բայց ուզում եմ ամուսմանամ: Մի քանի մրցաշարից հետո կփորձեմ ամուսնանալ:-Արդեն ընտրյալ ունե՞ք:-Կարելի է ասել` այո՛, ունեմ:-Իսկ Հայաստանո՞ւմ եք հարսանիք անելու:-Միայն Հայաստանում եւ միայն հայ աղջկա հետ:Հ.Գ. «Ժողովուրդ»-ը ճշտեց,  որ «Սուպեր սիքս»-ի մրցանակային ֆոնդը կազմում է 60 միլիոն եվրո,  որը բաժանվելու է  մասնակիցների միջեւ, գումարի մեծ մասն էլ բաժին է ընկնելու հաղթողին: Մաղթում ենք մեր սիրելի  Արթուրին  մեծ   հաղթանակներ ինչպես «Սուպեր սիքս»-ում, այնպես էլ հետագա բոլոր մարտերում:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս