Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, դիմելով Սերժ Սարգսյանին, պահանջում է համաներում շնորհել նաև Վանո Սիրադեղյանին. «Շարունակելով ֆեյսբուքյան դիմում-խնդրանքներիս շարքը` այս անգամ դիմում եմ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին
Հարգելի´ պարոն Սարգսյան
ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված տարբեր միջոցառումներից զատ, ենթադրվում է, որ լինելու է նաև համաներում: Խնդրում եմ Ձեզ, այդ շրջանակներում առանձին դիտարկել ՀՀ 3-րդ Հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Վանո Սիրադեղյանի հարցը ևս: Անկախ ամեն ինչից, այդ մարդու ներդրումը մեր պետության կայացման գործում շատ ավելի մեծ է, քան համաներվողներից, այդ թվում նաև ծանր հանցագործներից, շատերինը:
Հարգանքով, ՀՀ շարքային քաղաքացի Կարեն Քոչարյան»:
ArmLur.am-ը փորձեց քաղտեխնոլոգից տեղեկանալ, թե ինչու որոշեց նման հայտարարությամբ հանդես գալ. «Տեսա, որ համաներում են պատրաստվում անցկացնել, որոշեցի ես էլ գրեմ. ներքևում ստորագրել եմ` որպես ՀՀ քաղաքացի եմ դիմում»:
Հարցին` ունի՞ ակնկալիքներ, որ որևէ ընթացք կտրվի իր բաց նամակին, պատասխանեց. «Ես չգիտեմ` ինչ կանեն, իմը դիմելն էր՝ դիմել եմ: Մեկը գրում է՝ երբ է դատվել, օրինական է, օրինական չէ, դա ինձ չի հետաքրքրում: Անցել է շատ երկար ժամանակ, եթե համաներմամբ բավականին լուրջ հանցագործների ազատ կարձակեն, ապա թող նաև Վանո Սիրադեղյանին էլ թույլ տան վերադառնալ հայրենիք»: