Մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի 2-րդ միջազգային կոնֆերանսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի միջազգային 2-րդ կոնֆերանսը: Երկօրյա կոնֆերանսն իր հարկի տակ է հավաքել ներքին աուդիտի կիրառման տարբեր ոլորտների մասնագետների՝ Հայաստանից և արտերկրից: Կոնֆերանսին մասնակցում են աուդիտի ոլորտի, ֆինանսական սեկտորի՝ բանկային, ապահովագրական, ներդրումային ընկերությունների, ինչպես նաև պետական կառավարման ոլորտի հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչներ: Իրենց մասնագիտական փորձով միմյանց հետ կիսվում են Հայաստանի, Նիդեռլանդների, Ռումինիայի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և ՄԱԷ մասնավոր, հանրային և ֆինանսական սեկտորները ներկայացնող բանախոսները: Կոնֆերանսի գլխավոր գործընկերն է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Հայաստանի ներկայացուցիչներն են Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի նախագահ Արա Չալաբյանը և Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, իսկ Հայաստանի մասնավոր ոլորտը ներկայացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Արա Չալաբյանը, Ռալֆ Յիրիկյանը և Ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտի խորհրդի ավագ փոխնախագահ Անգելա Վիցանին հանդես են եկել բացման խոսքով: Բանախոսներն ընդգծել են միջազգային մասնագիտական հարթակներում Հայաստանի ներկայության կարևորությունը՝ որպես կառավարման ոլորտում նորարար լուծումներով աչքի ընկնող երկրի, ինչպես նաև ողջունել են Հայաստանի առաջընթացը կորպորատիվ կառավարման ոլորտում:

«Դժվար է գերագնահատել ներքին աուդիտի կարևորությունը թափանցիկ և արդյունավետ բիզնես-կառավարման ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման հարցում: Ներքին աուդիտը նախևառաջ բիզնես կոչվող կենդանի օրգանիզմում տարբեր համակարգերի առողջությանը սպառնացող ռիսկերի վաղ հայտնաբերումն ու կանխարգելումն է: Այն նաև ուղղված է ներքին կանոնակարգերին, ընթացակարգերին, ՀՀ Սահմանադրության պահանջներին, ինչպես նաև ընկերության ռազմավարությանն անհամապատասխանության դեպքերի բացահայտմանը: Մրցակցային բիզնես միջավայրում գործող ընկերությունների համար ներքին աուդիտն անհրաժեշտ ռազմավարական գործիք է՝ մրցակցային առավելություն ձեռք բերելու և այն պահպանելու հարցում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «Ինչպես իրականացնել փոփոխություններ» խորագրով իր ելույթում:

Ներքին աուդիտի միջազգային կոնֆերանսի կազմակերպումը Հայաստանում կարևոր է երկրում կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման տեսակետից: Այն նաև կօգնի գործարար հասարակությանը ներկայացնել առողջ և կայուն բիզնես միջավայր ստեղծելու հարցում ներքին աուդիտի նշանակությունը, նպատակներն ու առավելությունները: Արտերկրից ժամանած՝ ներքին աուդիտի փորձառու մասնագետները ծանոթանում են ներքին աուդիտի և կորպորատիվ կառավարման ոլորտներում Հայաստանի ձեռքբերումներին, ինչն իր հերթին նպաստում է երկրի դրական վարկանիշի բարձրացմանը:

ՎիվաՍել-ՄՏՍ…Դու գիտես, որ կարող ես:




Լրահոս