Ինչո՞ւ նոր վարչապետին Սերժ Սարգսյանը չներկայացրեց այնպես, ինչպես ավանդաբար անում է. նոր վարչապետի մուտքն` ամենայն դրայվով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Կարապետյանի նախագահությամբ կառավարության երեկվա անդրանիկ նիստը բավականին ուշագրավ էր: Նախ՝ նոր վարչապետին երկրի նախագահը չներկայացրեց այնպես, ինչպես որ դա ավանդաբար արվել է միշտ: Բացի այս՝ բավականին հետաքրքիր էր այն, որ իրենց ղեկավարին նշանակման առիթով չցանկացավ շնորհավորել Հովիկ Աբրահամյանի կաբինետի անդամներից որեւէ մեկը /Տարոն Մարգարյանից բացի/: Մի բան, որը նախօրեին ԱԺ-ում թույլ տրված վրիպումից հետո դժվար է գնահատել այլ կերպ, քան մտածված մոտեցում:

Բայց առավել հետաքրքիր դրվագները վերաբերում էին նորանշանակ վարչապետի հանձնարարականներին եւ որոշ նախարարների ԺՊ-ների հետ նրա շփման մաներային: Կարապետյանը նախ՝ բավականին ակնհայտ ձանձրույթով ընդհատեց իր ոլորտին քաջագիտակ երեւալու ջանքերում չափն անցած մշակույթի նախարարի ԺՊ Հասմիկ Պողոսյանի երկարաշունչ խոսքը՝ հորդորելով իր մտքերն ավելի լակոնիկ ձեւակերպել: Ապա հարվածի տակ հայտնվեց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ում խոսքերին Կարապետյանն իրեն թույլ տվեց չհավատալ եւ հանդիմանեց՝ ներկայացվող հարցի մասին բավարար տեղեկացված չլինելու համար:

Մի կողմ թողնելով կոնկրետ Մինասյանի դեպքում վարչապետի մաներայի ոչ այդքան գեղեցիկ լինելը՝ դժվար էր չընդունել նրա հարցադրումների իրավացիությունը: Նա, մասնավորապես, առաջարկեց շատ պարզ բան. երբ տարիներ շարունակ միլիոններով արտոնություններ են տրվում այս կամ այն ընկերություններին /հիմնականում պաշտոնյաներին պատկանող/ հետագայում աշխատատեղերի բացման խոստումների դիմաց, ինչու էկոնոմիկայի նախարարությունը հարկ չի համարում ստուգել՝ արդյոք տրված խոստումները կատարվել են, թե ոչ:

Կարապետյանը նաեւ մի շատ կարեւոր հանձնարարական տվեց ՊԵԿ-ին. ապահովել ոչ կարգապահ եւ արտոնյալ ընկալվող խոշոր արտադրողների եւ ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարումը: Իրականում հենց սա էր ամենաառաջնային քայլը, որից էլ պետք է սկսեին իրենց գործունեությունը կոռուպցիայի դեմ պայքար հայտարարած բոլոր նախորդ կառավարությունները:

Արդյոք Կարապետյանի դրայվը կհերիքի այս հարցում հետամուտ լինելու համար, պարզ կդառնա ամենակարճ առաջիկայում: Նույնքան կարեւոր մեկ այլ հանձնարարական էլ նա տվեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին. «Մաքսիմալ նվազեցնել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագինը սոցիալապես անապահով խավերի համար՝ ի հաշիվ այլ սպառողների: Ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի համար, հատկապես գյուղատնտեսության եւ վերամշակող ճյուղերի համար։ Եվ այս ամենը պետք է անել ոչ ի հաշիվ բյուջեի»,- ընդգծեց նա:

Հուսանք, որ Կարապետյանի՝ այս գրեթե անիրականանալի հանձնարարականների նպատակը կառավարության այս կազմի ձախողումը եւս մեկ անգամ արձանագրելն ու դրանով նրանց պաշտոնանկությունները հիմնավորելը չէր, այլ այդ խնդիրների շուրջ սեփական լուծումներն առաջ տանելու կոնկրետ ծրագիրը:




Լրահոս