Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Սփյուռքում գործող մի շարք կառույցների ղեկավարների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին հանդիպում է ունեցել Սփյուռքում գործող մի շարք կառույցների ղեկավարների հետ եւ քննարկել համահայկական նշանակություն ունեցող տարբեր հարցեր:

Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ մեր բոլոր հաղթանակները համայն հայության հաղթանակներն են, որովհետեւ դրանք կերտվել են միասնաբար: «Մենք բազմիցս ապացուցել ենք, որ երբ միասին ենք, կարող ենք լուծել ցանկացած խնդիր, հաղթահարել ցանկացած դժվարություն: Մեր միասնությունը ինչպես Հայրենիքի զարգացման ու զորացման, այնպես էլ Սփյուռքի հարատեւման, նրա ազգային ինքնության պահպանման հիմնական գրավականներից է: Այս ամենի մեջ կարեւորագույն դերակատարություն ունի Մայր Հայաստանը, որը մեր եռամիասնության կորիզն է, այն առանցքը, որն իր շուրջն է համախմբում համայն հայությանը»,- ընդգծել է Նախագահ Սահակյանը:

Հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին է հանձնել Տիգրան Մեծի շքանշան՝ Արցախի պետականության կայացման եւ ամրապնդման, համազգային նշանակության կարեւորագույն խնդիրների լուծման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ անմնացորդ նվիրումի համար:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ




Լրահոս