ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` մասնակիցը նպատակային սոցիալական վճարումներին ֆիզիկական մասնակցություն ունենո՞ւմ է, թե՞ ոչ:
Երանուհի Հայրապետյան (38 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վարձու աշխատողի կամ պայմանագրային եկամուտ ստացող մասնակցի համար նպատակային սոցիալական վճարները հաշվարկելու եւ փոխանցելու պարտականությունը կրում է գործատուն, որպես հարկային գործակալ: Գործատուն օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով էլեկտրոնային եղանակով հարկային մարմնում գրանցում է իր հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող վարձու աշխատողներին եւ պայմանագրային եկամուտ ստացողներին:
Գործատուն (որպես հարկային գործակալ, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով եկամտային հարկը հաշվարկելու եւ վճարելու համար սահմանված ժամկետներում) «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածում սահմանված դրույքաչափով հաշվարկում եւ փոխանցում է մասնակից հանդիսացող վարձու աշխատողների եւ պայմանագրային եկամուտ ստացողների նպատակային սոցիալական վճարները:
Այլ կերպ ասած՝ վարձու աշխատողի կամ պայմանագրային եկամուտ ստացողի կարգավիճակ ունեցող մասնակիցը ֆիզիկապես չի առնչվում նպատակային սոցիալական վճարների կատարման հետ: Մասնակիցն ինքն անձամբ է կատարում նպատակային սոցիալական վճարները հետեւյալ դեպքերում․
ա) եթե հանդիսանում է նոտար, անհատ ձեռնարկատեր կամ ինքնազբաղված անձ,
բ) եթե վարձու աշխատող կամ պայմանագրային եկամուտ ստացող մասնակցի գործատուն ազատված է հարկային գործակալի պարտականություններից:
Ընդ որում, մասնակիցը, որպես նոտար, անհատ ձեռնարկատեր կամ ինքնազբաղված անձ՝ նպատակային սոցիալական վճարը կատարում է տարեկան կտրվածքով, մինչեւ հաջորդ տարվա մայիսի 1-ը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատող մասնակիցը նպատակային սոցիալական վճարը կատարում է ամսական կտրվածքով՝ գործատուի համար սահմանված ժամկետներում (մինչեւ հաջորդ ամսվա 20-ը):